Գլխավոր էջ Նորություններ Հայաստանի կառավարությունը հրաժարվո՞ւմ է ընդունել Ռուսաստանում մնացած հայերին

Հայաստանի կառավարությունը հրաժարվո՞ւմ է ընդունել Ռուսաստանում մնացած հայերին

337
0

Հայաստանի կառավարությունը դեմ է, որպեսզի ՌԴ-ում գտնվող ՀՀ թվով 195 քաղաքացիները վերադառնան Հայաստան՝ պատճառաբանելով, որ չունեն կորոնավիրուսի թեստերի և մեկուսացման վայրերի անհրաժեշտ քանակ։

Մեզ ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ S7 ավիաընկերության հետ նախնական պայմանավորվածություն է եղել 195 ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալը կազմակերպելու համար, մինչդեռ ՀՀ կառավարությունից ասել են, որ կարող են ընդունել միայն թվով 50 քաղաքացու։

Մինչդեռ ավիաընկերությունից մեր հայրենակիցներին ասել են, որ 50 հոգու համար թռիչք չեն իրականացնի՝  ՀՀ քաղաքացիներին հորդորելով իրենց հարցերն ու դժգոհություններն ուղղել ՀՀ կառավարություն։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը 168․am-ի հետ զրույցում, մեկնաբանելով մեզ հասած այս տեղեկությունները, ասաց, որ S7 ավիաընկերության թռիչք չկա նախատեսված։

«Միակ թռիչքը, որը տեղափոխելու է ՀՀ քաղաքացիներին ՌԴ-ից Հայաստան, իրականացնելու է «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը, որը տեղափոխելու է 220 ուղևորի»,- ասաց Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ թռիչքը տեղի կունենա 30 ժամից։

Հարցին, թե վերադառնալու ենթակա այլ քաղաքացիներ այս չվերթից հետո մնո՞ւմ են ՌԴ-ում, Աննա Նաղդալյանն արձագանքեց՝ ասելով, որ  այդ հարցը կգնահատվի այս թռիչքից հետո։

Հարկ է նշել, որ Աննա Նաղդալյանի հերքումից հետո 168․am-ը կրկին կապ հաստատեց իր աղբյուրների հետ: Մեր աղբյուրն այս անգամ ևս հաստատեց տեղեկությունը՝ ավելացնելով, որ չվերթ նախատեսված չէ, որովհետև Հայաստանը չի ընդունում։ Ավելին, մեր աղբյուրների հաղորդմամբ, նման թռիչք իրականացնելու առաջարկով հանդես է եկել S7 ավիաընկերությունը, որը պատրաստ է այն իրականացնելուն։ Ավիաընկերությունը նման առաջարկով  դիմել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, սակայն ՀՀ պարետատունն ընթացք չի տվել՝ հորդորելով սպասել։

Աղբյուրը՝ 168․am:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ