Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս են պետությունները կորոնավիրուսի պայմաններում աջակցում իրենց քաղաքացիներին

Ինչպե՞ս են պետությունները կորոնավիրուսի պայմաններում աջակցում իրենց քաղաքացիներին

465
0

Բարդ ժամանակներում ենք ապրում: Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու: Բոլորը չէ, որ կհաղթահարեն այս ճգնաժամը. շատ ընկերություններ փակվում են, բազմաթիվ մարդիկ զրկվում են աշխատանքից: Տրամաբանական է, որ այսպիսի իրավիճակում շատերը պետությունից աջակցություն են ակնկալում: Հատկապես նրանք, որոնք մնացել են առանց աշխատանքի եւ գոյատեւելու միջոցների: Ինչպե՞ս են երկրները պանդեմիայի պայմաններում փրկում բիզնեսը եւ հասարակ մարդկանց: Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը ամբողջ ապրիլ ամիսը հայտարարել է ոչ աշխատանքային՝ բիզնեսին հնարավորություն տալով ինքնուրույն մտածել, թե եկամուտ չունենալու պայմաններում ինչպես վարձատրել աշխատակիցներին: ԱՄՆ-ն քաղաքացիների եւ բիզնեսի աջակցության նպատակով ընդհանուր առմամբ հատկացնում է $ 2 տրիլիոն:
Տարեկան $ 75 հազարից պակաս վաստակող ամերիկացիները առձեռն կստանան $1200, գումարած $ 500` 17 տարեկանից ցածր յուրաքանչյուր երեխայի համար: Գործազրկության նպաստը չորս ամիս ներկայիս $ 200-ից $ 550 նպաստից աճում է շաբաթական $ 600: Այսինքն, այս չորս ամիսներին գործազուրկ յուրաքանչյուր ամերիկացի կստանա լրացուցիչ $ 9600: Գերմանիան ինքնազբաղված քաղաքացիներին եւ ոչ մեծ ընկերություններին (մինչեւ 5 աշխատակից) միանվագ եւ անվերադարձ հատկացնում է մինչեւ 9000 եվրո: Մինչեւ 10 աշխատակցի հաստիք ունեցող ընկերությունները կարող են ակնկալել մինչեւ 15000 եվրո, սակայն պարտավոր են ապացուցել, որ մինչեւ կորոնավիրուսի համաճարակի սկսվելը՝ մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31-ը,  ֆինանսական դժվարություններ չեն ունեցել: Վարձով ապրողներին, որոնք անվճարունակ են դարձել, երեք ամիս արգելվել է վտարել բնակության վայրից: Սակայն նրանք նույնպես պետք է  ապացուցեն, որ իրենց ֆինանսական դժվարությունները կապված են կորոնավիրուսի հետ: Բնակարանի վարձը վճարելու պարտականությունը մնում է ուժի մեջ: Այն ուղղակի ժամանակավորապես սառեցվում է: Բացի դա, արգելվել է չվճարելու պատճառով անջատել հոսանքը, գազը, տելեկոմունիկացիաները, որոշ դեպքերում՝ նաեւ ջուրը: Եթե ծնողները ստիպված են նստել տանը այն պատճառով, որ դպրոցներն ու մանկապարտեզները փակվել են, պետությունը պատրաստ է վեց շաբաթ փոխհատուցել նրանց աշխատավարձի 67 %-ը, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր մարդուն 2016 եվրո: Նրանց, ում կորոնավիրուսի պատճառով փոխադրել են կարճ աշխատանքային օրվա, պետությունը կվճարի աշխատավարձի 60 %-ը: Հետաքրքիր է, որ խոշոր բիզնեսին աջակցելու  համար Գերմանիան պատրաստ է դրանցից փայաբաժին գնել, իսկ համավարակի ավարտից հետո դրանք հետ վաճառել նախկին տերերին: Ավստրալիան ցածր եկամուտ ունեցող մոտ 6,6 միլիոն քաղաքացիների կհատկացնի տեղական $ 750: Դրանք թոշակառուներն են, հաշմանդամները, խնամակալները, միայնակները, նպաստառուները: Մի խոսքով՝ բոլորին, որոնք որեւէ նպաստ են ստանում, ընդհուպ մինչեւ ալիմենտ ստացողներ եւ հիվանդներ: Ամռանը նրանք կստանան երկրորդ լրացուցիչ վճարումները: Այդ կատեգորիայի քաղաքացիներից ոմանք (ուսանողներ, ֆերմերներ, ամուրիներ եւ այլն) ապրիլի 27-ից կսկսեն յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ստանալ «կորոնավիրուսային հավելավճար» ավստրալիական $ 550-ի չափով: Կանադան մանկական նպաստը յուրաքանչյուր  երեխայի համար ժամանակավորապես բարձրացնում է տեղական $ 300: Ցածր եկամուտ ունեցող միայնակ մարդիկ ապրիլից կստանան միանվագ $ 400, իսկ զույգերը՝ $ 600: Այն անձանց, որոնք COVID19-ի պատճառով կորցրել են աշխատանքը եւ որոնց եկամուտը 2019-ին կազմել է առնվազն կանադական $ 5000, պետությունը ապրիլից չորս ամիս վճարում է շաբաթական $ 500: Ուսանողները կարող են կես տարի չվճարել ուսման վարձը, ընդ որում, դրա համար տոկոսներ չեն լինի: Իսկ հարկային հայտարարագրի ներկայացման ժամկետը հետաձգվել է մինչեւ հունիսի 1-ը: Նաեւ ժամանակավորապես չեղարկվել են  տուգանքները նրանց համար, ովքեր հարկերը մուծել ի վիճակի չեն: Մեծ Բրիտանիան բիզնեսին աջակցելու մասշտաբային ծրագիր է ընդունել, ինչը միեւնույն ժամանակ ուղղված է աշխատատեղերը պահպանելուն: 2020 թ. մարտի 1-ից պետությունը առնվազն երեք ամիս գործատուներին կփոխհատուցի կորոնավիրուսի պատճառով տուն ուղարկված  ամեն մի աշխատակցի ամսական աշխատավարձի 80%-ը, բայց ոչ ավելի, քան  2500 ֆունտ: Պետությունը ընկերությունների փոխարեն կվճարի նաեւ աշխատակիցների ապահովագրական եւ կենսաթոշակային մուծումները: Նույնքան գումար կտրամադրվի նաեւ ինքնազբաղներին, սակայն կհարկվի: Փոքր բիզնեսը կարող է գրանտ ստանալ  10000 ֆունտի չափով, եթե եկամուտները ձգտում են զրոյի: Կոմերցիոն վարձակալները, որոնք վճարունակ չեն, մինչեւ հունիսի 30-ը պաշտպանվում են «Դրսում հայտնվելու» վտանգից: Բացի դա, իշխանությունները ընկերություններին կվերադարձնեն COVID19-ի պատճառով անաշխատունակության թերթիկ ներկայացնող աշխատակիցների վճարումները: Փոխհատուցման տակ են ընկնում նաեւ ոչ մեծ եւ միջին (մինչեւ 250) աշխատակից ունեցող ընկերությունները: Դանիան ընդունել է բիզնեսին երեք ամիս աջակցելու ծրագիր, որով աջակցում է նաեւ շարքային աշխատողներին: Պետությունը պատրաստ է մասնավոր ընկերություններին վճարել աշխատավարձերի 75 %-ը, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր մարդու համար ամսական 23000 կրոն, պայմանով, որ այդ ընկերությունները ոչ ոքի աշխատանքից չհեռացնեն: Այսպիսով, այն ընկերությունները, որոնք  հաստիքային աշխատողներին ուղարկել են տուն, կարող են անգամ համաճարակի տարածման այս շրջանում փակել աշխատավարձի ցուցակները, իսկ աշխատակիցները առաջվա նման լրիվ աշխատավարձ կստանան: Հոնկոնգը ադմինիստրատիվ շրջանի բոլոր հասուն մարդկանց կվճարի տեղական 10000  դոլար, որպեսզի աջակցի տնտեսությանը եւ խթանի սպառումը: Իշխանությունը նաեւ վճարել է այն մարդկանց մեկ ամսվա վարձը, որոնք  բնակվում են սոցիալական բնակության վայրերում: Ժամանակավորապես նվազեցվել է ունեցվածքի եկամտահարկը: Թոշակառուներին եւ հաշմանդամներին նաեւ ամսական լրացուցիչ վճարումներ են նախատեսված:

Հոդված՝ Aravot.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ