Գլխավոր էջ Uncategorized Նախարարի կատակից մինչև 7 մահ․ ովքե՞ր են մահացած քաղաքացիները

Նախարարի կատակից մինչև 7 մահ․ ովքե՞ր են մահացած քաղաքացիները

2376
0

«Ես արդեն անհանգստանում էի, թե ինչու հարևան երկրներում գրանցվում են կորոնավիրուսով վարակման դեպքեր, իսկ մեզ մոտ՝ ոչ»,- մարտի 1-ին տված մամուլի ասուլիսում կատակեց Արսեն Թորոսյանը, երբ Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այժմ նոր կորոնավիրուսային հիվանդացության հաստատված դեպքերի քանակը հասել է 736-ի, որից 7-ը մահվան ելքով են։

Մահվան առաջին դեպքը գրանցվեց մարտի 26-ին։ Պացիենտը  ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 72-ամյա կին էր, որ կորոնավիրուսային հիվանդություն ուներ, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, հիպերտոնիկ հիվանդություն, սրտի ռիթմի խանգարում։ Մինչ մահվան առաջին դեպքը նոր կորոնավիրուսն այդքան էլ վախ և անհանգստություն չէր ներշնչում Հայաստանում, իսկ  սոցցանցերում ժամ առ  ժամ ավելանում էին հումորները կորոնավիրուսի վերաբերյալ։

Մահվան առաջին դեպքը ազդարարեց, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, որքան թվում է։ Մարդիկ սկսեցին զգուշանալ և գնահատել իրենց առողջությունը․ վարակն առավել քան մոտ էր թվում բոլորին։

Մահվան երկրորդ և երրորդ դեպքերը գրանցվեցին  մարտի 28-ի լույս 29-ի գիշերը՝ մեկ ժամում։ Հիվանդներն էին 55 տարեկան մի կին և 73 տարեկան տղամարդ, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ Այս մասին հայտնել էր Արսեն Թորոսյանը՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ։  Այդ պահի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը կազմում էր 407, որից առողջացել էր ընդամենը 30-ը։

Վարակվածների թվի մեծացմանը զուգահեռ սկսեցին ավելանալ նաև կորոնավիրուսային հիվանդացությամբ պայմանավորված մահվան դեպքերը։

Դեռ ապրիլի 1-ի դրությամբ մահվան դեպքերի քանակը 4-ն էր։ Հենց այդ օրն էլ գրանցվել էր 4-րդ դեպքը։ 89-ամյա պացիենտն ուներ կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ուներ նաև  ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։

Մոտ 1 օրվա ընթացքում այդ թվին ավելացավ ևս 3 դեպք՝ ընդհանուր դեպքերի թիվը հասցնելով 7-ի։ Հանրությունը չէր հասցնում մարսել մեկ մահվան դեպքը, երբ իրար ետևից ավելացան նորերը։ Վերջին դեպքերից 2-ը գրանցվեցին ապրիլի երկուսին։ Նրանցից մեկը  68-ամյա պացիենտ էր, որ ուներ կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Մյուս պացիենտը ՀՀ քաղաքացի չէր։ Մյուս 78-ամյա պացիենտն ուներ կորոնավիրուսային հիվանդություն։ Նրանց երկուսի մոտ էլ կորոնավիրուսային հիվանդությունը ուղեկցվել է խրոնիկ այլ հիվանդություններով, ինչն էլ դժվարեցրել էր  նրանց բուժումը։

Ժամանակը կանգ չի առնում․ երեկ ուշ երեկոյան մահվան դեպքերի քանակն ավելացավ ևս մեկով։ Շատերի համար այդ երեկո, շատերի համար էլ միայն այս առավոտյան մահվան դեպքերի թիվը փոխվեց 7-ի։

Պացիենտը 76-ամյա կին էր, որ ուներ կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։  Նա ուներ նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Արդեն գաղտնիք չէ, որ նոր կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար։ Նրանք էլ ավելի պետք է ուշադիր և զգոն լինեն իրենց առողջության նկատմամբ։ Ինչպես ասում են, առողջությունը չեն գնահատում, քանի դեռ չի գալիս հիվանդությունը։

2019թ․-ի դեկտեմբերին հայտնաբերված նոր կորոնավիրուսը ստիպեց ոչ միայն Չինաստանի, այլև ողջ աշխարհի բնակչությանը գնահատել իրենց առողջությունը։ Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն էլ օգնեց շատերին հասկանալ, որ ամենակարևորը գուցե կյանքում այն մանրուքներն էին, որոնց նախկինում մեծ նշանակություն չէր տրվում՝ դրսում զբոսնելը, ընկերների հետ  հանդիպելը,  համալսարան կամ դպրոց գնալը, միասին սուրճ խմելը։

Համաշխարահային համավարակը գուցե դաժան կանոններով, բայց կարողացավ փոխել մարդկանց վերաբերմունքը ոչ միայն Երկիր մոլորակի, այլև մարդու հանդեպ․ երբեք մարդիկ իրար այսքան չեն սիրել, որքան այսօր։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ