Գլխավոր էջ Նորություններ Շուտով օրական 500-ից 600 թեստավորում կարվի. նախարար

Շուտով օրական 500-ից 600 թեստավորում կարվի. նախարար

375
0

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրի 16 հյուրանոցային համալիրներում և հանգստյան տներում պահվող քաղաքացիներ կան, որոնց մի մասը դրական, բայց թեթև ընթացք ունեցողներն են, իսկ մյուս մասը՝ կոնտակտավորները: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան:

«Ինը բժշկական կենտրոններ արդեն ամբողջությամբ ներգրվված են այս հիվանդության դեմ պայքարի գործում, որոնցից ամենամեծը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն է և այն վաղվանից իր վրա կվերցնի ամենամեծ բեռը: Բուժկենտրոնը Հայաստանի ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող հիվանդանոցն է: Իհարկե, խոսքը վերաբերում է միայն ստացիոնար մասնաշենքին, ծննդատունն ու պոլիկլինիկական մասնաշենքերը կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը, նրանք աշխարհագրորեն իրարից բավականին հեռու են, և որևէ վտանգ չկա հիմնական մասնաշենքից դեպի կողքի մնասնաշենքեր վարակի ներթափանցման»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ այս ծառայությունների շրջանակում լրիվ զրոյից այլ հիվանդանոցներ էլ են մոբիլիզացվել՝ և՛ կադրերով, և՛ սարքերով, և՛ հագեցվել են: «Շատ արագ շինարարություն է իրականացվել, պատերազմական տրամաբնությամբ ծավալվում է մի նոր առողջապահական համակարգ, որ հիմնական առողջապահական համակարգը շարունակի իր ծառայությունը մնացած այլ հիվանդություններով մեր քաղաքացիների համար»,- ընդգծեց նա:

Թորոսյանի խոսքով՝ վարակվածների մեջ երեխաների ու հղի կանանց թիվը թեև քիչ է, բայց նման քաղաքացիներ էլ կան:

Ինչ վերաբերում է վարակի աղբյուրներին՝ նախարարն ասաց. «Աղբյուրները շատ են, այսօր էլ ունենում ենք բերովի դեպքեր՝ բեռնատար վարորդների և  ինքնաթիռով վերադարձող մեր քաղաքացիների կողմից, դեպքերը բացահայտում ենք սահմանային կետում ու արագ մեկուսացնում ենք»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանում բոլորին թեստավորեն, Թորոսյանն ասաց, որ տեսականորեն հնարավոր է, գործնականում՝ ոչ, առնվազն՝ տեսանելի ապագայում: «Այստեղ կա նաև երկրորդ հարցը՝ դա ի՞նչ կտա մեզ: Այդ պահին վիրուսի բավականին մեծ ծանրաբեռնվածության դեպքերի մոտ կտա դրական արդյունք, որից հետո կարող ենք որոշել՝ նրանց մեկուսացնե՞նք, բուժե՞նք, կամ ոչ մի բան չանենք, որովհետև հիվանդանոցներում տեղ չկա, իսկ մնացած բացասականների մասով, մենք ոչ մի երաշխիք չենք ունենա, որ իրենց մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունը չի արտահայտվի թեստավորումից մի քանի օր հետո: Դա կնշանակի՝ ամբողջ ազգաբնակչությանը պարբերաբար պետք է թեստավորել»,- ասաց նա:

Նա նշեց, որ շուտով օրական 500-ից 600 թեստավորում կարվի, իսկ մի քիչ ավելի ուշ՝ նոր սարքավորումների ձեռք բերումից հետո, օրական 1500 թեստ կարվի:

Արդյո՞ք երեկ մահացած օպերային երգչուհու մահվան պատճառը թոքաբորբն էր հարցին, պատասխանեց Թորոսյանի մամուլի խոսնակը և ասաց, որ երգչուհին ապրել է միայնակ, իսկ նրա հարազատները պահանջել են՝ պահպանել անձնական տվյաների գաղտնիքը: Ալինա Նիկողոսյանը նշեց, որ բժիշկները գնացել էին նրան թեստավորելու, սակայն այդ պահին երգչուհին հրաժարվել է և ասել՝ առավոտյան կթետավորվի, իսկ առավոտյան արդեն մահացել է: «Այսուհանդերձ, իր շփման շրջանակը պարզվում է, քույրը վատառողջ է և մեր մասնագետները կապ են հաստատել վերջինիս հետ»,- ասաց Նիկողողյանը:

Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում մահճակալներ տեղադրելուն, Թորոսյանն ասաց, որ Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների:

Նա նաև նշեց, որ վարակված բուժծառայողների թիվն ավելանում է: «Հիմա կդժվարանամ թիվը նշել, բայց կան և ավելանում են։ Դա անխուսափելի է։ Հետաքրքիր և զավեշտալի դեպքեր կան, որ երբեմն բուժաշխատողները, ոչ թե աշխատանքի վայրում են վարակված լինում՝ շփվելով պոտենցիալ վարակակիրներ հետ, այլ՝ իրենց կենցաղային շրջանակում, որոնք պարզվում են և մեկուսացումներ են տեղի ունենում։ Սա է մեր հիմնական խնդիրներից մեկը։ Մենք պետք է պաշտպանենք բուժաշխատողներին՝ ապագայում նրանց իսկ կողմից ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար», — ասաց նախարարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ