Գլխավոր էջ Գլխավոր ՕՐ 9-ՐԴ․ ճանապարհը փակ է, ծանր հիվանդները Երևան չեն տեղափոխվել, կա մեկ...

ՕՐ 9-ՐԴ․ ճանապարհը փակ է, ծանր հիվանդները Երևան չեն տեղափոխվել, կա մեկ մահ

284
0

Արդեն 8-րդ օրն է, ինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված է, այս ամենի հետևանքով մարդիկ կանգնած են հումանիտար աղետի առջև։
Շրջափակման առաջին իսկ օրվանից Ստեփանակերտից դեպի Երևան ծանր հիվանդների տեղափոխումը դարձավ անհնար, ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսեկան փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:
«Հանրապետական բժշկական կենտրոնում» 9 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Հիշեցնենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: 1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի:

Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները: Արցախում ծանր վիճակում գտնվող պացիենտներից մեկն էլ մահացել է։

Արդեն 8-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը․ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալ չի կարողանում։

Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը:

Նշենք նաև, որ ճանապարհը փակելու հետևանքով մի շարք խնդիրներ են առաջացել առողջապահական ծառայություններ իրականացնելու առումով։ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի հիվանդներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում և նրանց հնարավոր չէ տեղափոխել Երևան։

Խնդրին նաև անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Մասնավորապես նա նշել է, որ այդ մարդկանց կյանքը փրկելու համար շտապ հարկավոր է Երևան տեղափոխել, որն այս պահին անհնար է, ինչն էլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ և արդեն իններորդ օրն է Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Նիստի մասնակիցները ներկայացրել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակը: Մասնավորապես տեղեկություններ են ներկայացվել պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզվառելիքի շուկաներում վիճակի մասին:

Մասնավորապես զեկուցվել է, որ հանրապետությունում ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա պաշարներից նաև որոշ տեսակի ապրանքատեսակներ են տրամադրվել խանութներին:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ