Գլխավոր էջ Գլխավոր Շաքարային դիաբետ և երեխաներ․ ի՞նչ պետք է իմանան մայրիկները

Շաքարային դիաբետ և երեխաներ․ ի՞նչ պետք է իմանան մայրիկները

56848
0

Թերևս շատերը չգիտեն, բայց շաքարային դիաբետ ախտորոշվում է նաև երեխաների մոտ, այսինքն՝ երեխաները ևս հիվանդանում են շաքարային դիաբետով։ Մենք զրուցել ենք էնդոկրինոլոգ Թամարա Ջանվելյանի հետ, պարզել, թե ի՞նչ ախտանշաններով է դիաբետը դրսևորվում երեխաների շրջանում, ինչպե՞ս է զարգանում և ո՞ր գանգատներին ծնողները հատկապես ուշադիր լինեն։

— Ի՞նչ է շաքարային դիաբետը և ի՞նչ ախտանշաններով է դրսաևորվում։  

— Առավել հաճախ հանդիպում ենք շաքարային դիաբետի երկու տիպ՝ տիպ մեկ դիաբետ և տիպ երկու դիաբետ։ Հատուկ ուզում եմ նշել, որ տիպ մեկ դիաբետն առվել հաճախ հանդիպում է երեխաների մոտ և բնորոշվում է օրգանիզմում ինսուլինի բացարձակ անբավարարությամբ, ինչի հետևանքով նշանակվում է բուժում՝ ինսուլինոթերապիա։ Տիպ երկուսը հանդիպում ենք մեծահասակների մոտ, իրենք ունենում են ինսուլին, սակայն այստեղ խնդիրը կայանում է ինսուլինի որակը կարգավորելու մեջ։ Սա է պատճառը, որ մեծահասակների մոտ հնարավոր է բուժումը կազմակերպել դեղորայքով, իսկ տիպ մեկ դիաբետի դեպքում բուժումը պարտադիր պետք է իրականացնել ինսուլինոթերապիայով։ Տիպ մեկ դիաբետով հիմնականում հիվանդանում են երեխաները և դեռահասները։

-Երեխաների դեպքում ի՞նչ ախտանշաններ ունի շաքարային դիաբետը։

-Որպես կանոն երեխաների դեպքում ախտանշանները զարգանում են շատ արագ՝ դիաբետին բնորոշ բոլոր ախտանշաններով, դրանք են՝ բերանի չորություն, ծարավ, հաճախամիզություն, գիշերամիզություն, ընդհանուր թուլություն, քաշի կորուստ։ Երեխաների մոտ այս նշանները զարգանում են շատ արագ, միջինում 2-3 շաբաթներից մինչև մեկ ամսվա ընթացքում։

— Երեխաների դեպքում ինչպե՞ս է բուժվում շաքարային դիաբետը։

— Տիպ մեկ դիաբետի բուժումը ինսուլինոթերապիան է, քանի որ այս դեպքում՝ մեր օրգանիզմում ինսուլին արտադրող բետա բջիջների կողմից դադարում է ինսուլինի արտադրությունը, հետևաբար բուժումը լինում է դրսից՝ փոխարինող ինսուլին ստանալը։ Տիպ մեկ դիաբետը, որը հանդիպում ենք երեխաների և դեռահասների մոտ՝ բուժվում է ինսուլինոթերապիայով, քանի որ այս դեպքում մեր օրգանիզմում ինսուլին արտադրող բետա բջիջները ինսուլին չեն արտադրում, մենք դրսից ենք կատարում մեր ինսուլին արտադրող բջիջների ֆունկցիան, այսինքն՝ դրսից են ստանում ինսուլին։

— Ծնողները ո՞ր նշաններին պետք է  ուշադիր լինեն։

— Ծնողներին խորհուրդ է տրվում դիաբետին բնորոշ առաջին իսկ նշանները՝ բերանում չորություն, ծարավ, հաճախամիզություն, գիշերմիզություն, ընդհանուր թուլություն, քաշի կորուստ նկատելու դեպքում, անհապաղ դիմել բժշկին։

Ի՞նչ խորհուրդներ ունեք երեխաներին, ովքեր ունեն նման հիվանդություն, ինչպես նաև ծնողներին, որոնց երեխաների մոտ ախտորոշվել է այդ հիվանդությունը։

Տիպ մեկ դիաբետով մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են, առանց որևէ սահմանափակումների՝ սկսած սննդակարգից, ֆիզիկական ակտիվությունից, սպորտից, հետագայում ամուսնություն, երեխաներ, այսինքն՝ տիպ մեկ դիաբետ ունեցող մարդիկ հասարակության լիարժեք անդամներ են, չունեն որևէ սահմանափակում, ուղղակի այստեղ իրենց ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների աշխատանքը, այսինքն՝ ինսուլին արտադրելը, վերցնում են իրենց վրա և ներարկումներով կարգավորում են։ Բացարձակ որևէ տեսակի սահմանափակում տիպ մեկ դիաբետով մարդիկ չունեն, այստեղ ուղղակի կարևոր է ճիշտ հսկողությունը և այդ հսկողության պահպանումը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ