Սիրտ-անոթային հիվանդությունները ձմռան ամիսներին սրվում են։ Մենք զրուցել ենք սրտաբան Սեդա Մարտիրոսյանի հետ՝ պարզել, թե ո՞ր խնդիրներ են սրվում ձմռան ամիսներին, ինչո՞վ է դա պայմանավորված և առանձնացրել ենք բժշկի մի քանի կարևոր խորհուրդեր։
-Ո՞ր սիրտ-անոթային խնդիրներն են սրվում ձմռան ամիսներին։
– Սրտանոթային հիվանդությունները հիմնականում հակում ունեն սրվելու աշուն-ձմեռային ամիսներին: Այդ հիվանդությունների շարքում կցանկանայի առանձնացնել՝ զարկերակային հիպերտենզիան, սրտի իշեմիկ հիվանդությունը` այդ թվում սրտամկանի սուր ինֆարկտը, սրտային անբավարարությունը, աորտայի շերտազատումը, շատ առիթմիաներ`օրինակ նախասրտերի շողացումը:
– Ինչո՞վ են պայմանավորված այդ սրացումները։
– Սրացումների պայմանավորումը բազմագործոն է: Գործոններից է սառը ջերմաստիճանը, որը բերում է սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացմանը՝ ի պատասխան սառը ջերմաստիճանի: Դա բերում է սրտի կծկման հաճախականության, ինչպես նաև զարկերակային ճնշման բարձրացմանը: Սեզոնային անբարենպաստ գործոններից են նաև այդ ամիսներին սակավ ֆիզիկական ակտիվությունը, ինֆեկցիաների տարածումը, բարձրացած արյան մակարդելիությունը, սննդակարգի փոփոխությունը, որը բերում է բարձր խոլեստերինի մակարդակի:
-Ի՞նչ հիմնական խորհուրդներ կառանձնացնեք։
-Հիմնական և ամենակարևոր խորհուրդներից` ֆիզիկական ակտիվությունը չսահմանափակել տվյալ ամիսներին, փորձել պահպանել ճիշտ սննդակարգ, ավելի հարուստ բանջարեղենային մթերքներով՝ ճարպային, յուղոտ սննդի փոխարեն, աղի սահմանափակ կիրառում: Նշանակված դեղորայքի պատշաճ կիրառում, անհրաժեշտության դեպքում հակագերճնշումային դեղորայքի դեղաչափի կորեկցիա՝ սրտաբանի խորհրդատվության միջոցով: Եվ ամենակարևորը, գանգատների առկայության դեպքում անհրաժեշտ է ժամանակին դիմել սրտաբանի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Լուսինե Մարդոյան