Գլխավոր էջ Գլխավոր Ծխելու արգելք․ ու՞մ է պետք պատժել, տնտեսվարողի՞ն, թե՞ քաղաքացուն

Ծխելու արգելք․ ու՞մ է պետք պատժել, տնտեսվարողի՞ն, թե՞ քաղաքացուն

300
0

2022թ-ի մարտի 15-ից ուժի մեջ մտավ հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը։ Բայց այլ հարց է, թե այս ամիսների ընթացքում որքանով է պահպանվում այն և արդյո՞ք ռեստորաններում, սրճարաններում պահպանվում է սահմանված նորմը։ Ռեստորաններում կարելի է նկատել, որ կնունք-ծնունդների ժամանակ հյուրերը չեն պահպանում կանոնը, բացի այդ ռեստորանային համալիրի տնօրինությունը ևս չի արգելում ծխելը, ավելին տրամադրում են մոխրամաններ։

Այս պարագայում ո ՞վ է պատասխանատու կամ ո՞վ պետք է կրի պատասխանատվություն՝ արգելքը չպահպանելու և խախտում անելու համար։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադառնալով խնդրին նշել է, որ այստեղ պատասխանատու է և օբյեկտը և քաղաքացին․

«Եթե մոխրաման է տրամադրվում, այդ պարագայում տուգանքի է ենթակա հաստատության տնտեսվարողը, եթե քաղաքացու կողմից է խախտումը լինում,ապա ոստիկանությունն է տուգանող մարմինը, կամ կարելի է զանգահարել տեսչական մարմին։Մենք առաջիկայում հավելված ենք պատրաստում, մյուս տարի կգործարկենք, որտեղ քաղաքացիները կարող են իրենց բողոքները հղել և մենք ռիսկայնությունը հաշվի առնելով կփորձենք ավելի խիստ մոնիթորինգ անել խախտողների նկատմամբ»,-նշել է նախարարը։

ԱԺ-ի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020-ի մարտի 21-ից:

Ծխող քաղաքացու համար տուգանքի չափը կազմում է 50 000 դրամ, իսկ սննդի կետերի տնօրինության համար՝ 150-200 000 դրամ: Կան քաղաքացիներ ովքեր սույն որոշումը սխալ են համարում, նշելով, թե այս սահմանափակումը ոչ մի կերպ չի նպաստելու ծխողների թվի կրճատմանը, ավելին, ծխողը շարունակելու է ծխել։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Հենրի Պ. Կլյուգեի գնահատականերով էլ օրենքը լիովին արդարացված և ապացույցների վրա հիմնված որոշում է:

Նա նշել է, որ Հայաստանում ավելի քան 5500 մարդ ամեն տարի մահանում է ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից:

«Սա նշանակում է, որ մարդկանց համարյա 20 տոկոսը մահանում է լիովին կանխարգելելի պատճառներից: Այդ մարդիկ չպետք է մահանային»,-ասել է Կյուգեն և անդարադարձել ծխելու տնտեսական վնասներին․

«Դա տարեկան կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 4.2 տոկոսը, ինչը յուրաքանչյուր անձի հաշվով 92 000 դրամ է։ Խոսքը ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների բուժման համար պետության և անհատի ծախսերի մասին է: Նաև՝ աշխատունակ տարիքի կրճատման ու վաղ մահացության»,-նշել է նա:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ծխախոտը սպանում է այն օգտագործողների կեսին: Ամեն տարի ծխախոտի օգտագործման հետևանքով աշխարհում մահանում է 8 միլիոն մարդ: Այդ մահերի 7 միլիոնից ավելին ծխախոտի ուղիղ օգտագործման հետևանքով է, մինչդեռ 1.2 միլիոնը՝ երկրորդային ծխի ազդեցության: Հատկանշական է, որ աշխարհի 1.3 միլիարդ ծխողների 80%-ն ապրում են ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում:

Ծխախոտի բոլոր տեսակները վնասակար են, և ծխախոտի ազդեցության անվտանգ չափ չկա:

Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են թոքերի և այլ օրգանների քաղցկեղը, ինչպես նաև ծխելը կարող է հանգեցնել սրտի կաթվածի, ուղեղի կաթվածի և այլն:

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ