Գլխավոր էջ Նորություններ Մեզ համար սկզբունքային մոտեցում է մարզերի առողջապահական համակարգի համաչափ զարգացումը. Անահիտ Ավանեսյան

Մեզ համար սկզբունքային մոտեցում է մարզերի առողջապահական համակարգի համաչափ զարգացումը. Անահիտ Ավանեսյան

238
0

Աշխատանքային այցով նոյեմբերի 30-ին Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ նախ այցելեց Գյումրի բժշկական կենտրոն։ Պատասխանատուները շրջել են բուժհաստատությունում, ծանոթացել 2022 թվականին իրականացված աշխատանքներին, նոր մեկնարկած ծառայությունների ընթացքին ու որակին։ Մայրաքաղաքից հետո Շիրակի մարզն առաջինն էր, որտեղ գործում է կաթվածի բուժման նորագույն երկու մեթոդ ՝ դեղորայքային և վիրահատական, որոնք ՀՀ բոլոր քաղաքացիների համար անվճար են և հասանելի։

Կենտրոնում իրականացվում է ուռուցքային հիվանդություն ունեցող անձանց հետազոտում, ախտորոշում և բուժում, նախկինում անհասանելի այնպիսի վիրահատական միջամտություններ, որոնք ոսկե ստանդարտ են համարվում ուռուցքաբանության ոլորտում։ «Մեզ համար կարևոր է, որ Շիրակում մատուցվող բժշկական ծառայությունների որակը լինի բարձր, կարևոր է, որ «Գյումրի» բժշկական կենտրոնում այս տարի ներդրվեց իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը, ստեղծվեց և վերանորոգվեց նոր քիմիոթերապևտիկ բաժանմունքը, իրականացվում են նախկինում անհասանելի ուռուցքային վիրահատական միջամտություններ»,-լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Մեր այցի նպատակն այն է, որ քննարկենք բուժհաստատությունների զարգացման ծրագրերը, առաջիկա անելիքները, խնդիրներին օպերատիվ լուծումներ գտնենք: Մեզ համար սկզբունքային մոտեցում է մարզերի առողջապահական համակարգի համաչափ զարգացումը»,-ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը։ Պատասխանատուներն այցելել են նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի ծննդատուն և ինֆեկցիոն բաժանմունք, Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, շրջել, ծանոթացել աշխատանքների ընթացքին, մատուցվող ծառայություններին։ Իսկ ավստրիական հիվանդանոցին կից «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալիս՝ նախարարն ու մարզպետը խոսել են շինարարության դանդաղ ընթացքից, առաջացած խնդիրներից։

Պատասխանատուները վերջում քննարկել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկային նոր շենք տրամադրելու հարցը, որի լուծմանն են միտված եղել անցած մի քանի ամիսների աշխատանքները։ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի որոշմամբ նախատեսվում է 2021-2026 թթ․ վերակառուցել Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաները, Ախուրիկի բժշկական ամբուլատորիան, Պեմզաշենի առողջության կենտրոնը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ