Գլխավոր էջ Գլխավոր «Ունենք հիվանդացություն հիմնականում 0-4 տարեկան երեխաների շրջանում, թոքաբորբ հիմնականում գրանցվում է 0-18...

«Ունենք հիվանդացություն հիմնականում 0-4 տարեկան երեխաների շրջանում, թոքաբորբ հիմնականում գրանցվում է 0-18 տարեկանների շրջանում»․ Ռ․ Աբովյան

281
0

«Կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը կարելի է գնահատել բարենպաստ, վերջին 14 օրվա տվյալների վերլուծության արդյունքում ունենք 21 տոկոսով հիվանդացության նվազում, վարակի տարածման տեմպերը նվազած են, մահվան դեպքեր չեն գրանցվում»,-Medmedia.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Ըստ ՀՀ ԱՆ ներկայացուցչի, այս ամենը նաև պատվաստումների արդյունքն է․

«Վերլուծությունները իրականացվում են հիվանդանոցներ և առողջության առաջնային պահպանման օղակ դիմելության տվյալների հիման վրա, սակայն միանշանակ մենք մեր շրջապատում տեսնում ենք, որ մարդիկ հիվանդանում են, ունենում են ախտանշաններ, սակայն թեթև տանելով հիվանդության ընթացքը հիվանդանոց չեն դիմում»,-նշել է մեր զրուցակիցը և կարևորել առողջության պահպանման առաջնային օղակ դիմելիությունը:

Նշենք, որ ամենօրյա վերլուծության տվյալներով վարակի զարգացման տեմպերը ևս նվազած են,սակայն ինչպես Ռոմելա Աբովյանը նշեց, այժմ մենք գտնվում ենք սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում և վերջին կորոնավիրուսային հիվանդության շտամի, այսինքն՝ օմիկրոնի շտամի արդյունքում պարզ դարձավ որ ախտանշանները գրեթե նույնն են․

«Մենք ունենք կարևոր հորդոր բնակչությանը, որ անկախ ամեն ինչից հարկավոր է թեստավորվել, որպեսզի հնարավոր լինի պարզել մարդն ունի՞ կորոնավիրուս, թե՞ սուր շնչառական որևէ վարակ, որպեսզի հետագայում կլինիկական ընթացքի բարդացման դեպքում հնարավոր լինի համապատասխան բժշկական օգնություն ապահովել տվյալ պացիենտի համար: Առողջապահության նախարարության կողմից իրականացվում է ամենօրյա վերլուծություններ, այս պահի դրությամբ մենք գտնվում ենք միջին ակտիվության շրջանում, ունենք հիվանդացություն հիմնականում 0-4 տարեկան երեխաների շրջանում, թոքաբորբ հիմնականում գրանցվում է 0-18 տարեկանների շրջանում, եթե համեմատենք այս ժամանակահատվածը նախորդ տարվա հետ, ունենք 1,4 անգամ ավելի ցածր հիվանդացություն»,-տեղեկացրել է նա ու հավելել, որ կորոնավիրուսային հիվանդացության այս ենթաշտամով վարակվելու դեպքում ախտանշանները գրեթե նույնն են ինչ սուր շնչառական վարակների ժամանակ, այսինքն՝ քթից արտահոսք, գլխացավ, հոդացավ, ընդհանուր թուլություն․

«Միանշանակ պետք է դիմել առաջնային պահպանման օղակ, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել թեստավորման գործընթացը և քովիդ դրական պատասխանի դեպքում մասնագետի կողմից կկազմակերպվի բուժում, նաև կարևոր է սուր շնչառական վարակների ախտանշանների դեպքում դիմել առաջնային օղակ, որպեսզի հնարավոր լինի ստանալ համապատասխան բժշկական սպասարկում»,-նշել է նա:

Հարցին, արդյո՞ք հնարավոր է վարակվել օմիկրոնով և սեզոնային գրիպով միաժամանակ, մեր զրուցակիցը նշեց, որ այո, նման դեպքեր գրանցվում են․

«Միանշանակ հնարավոր է վարակվել կորոնավիրուսով և սուր շնչառական վարակով, ՀՀ-ում բացի ամենօրյա վերլուծություններից, ներդրված է դետքային համաճարակաբանական հսկողության համակարգ, երբ մի շարք բուժհիմնարկներ ներգրավված են այս համակարգում և այդ բժշկական կազմակերպությունները ծանր սուր շնչառական պացիենտներից վերցնում են նմուշներ և դրանք ռեֆերենս լաբորատոր կենտրոնում հետազոտվում է, պարզաբանելու թե տվյալ սեզոնում սուր շնչառական վարակի ու գրիպի որ տեսակն է շրջանառվում: Վերջին օրերին ունենք մոտավոր 324 նմուշ և արդյունքում պարզաբանվել է, որ ունենք շրջանառության մեջ գրիպ A տեսակի, ինչպես H1N1 ենթատեսակը, այնպես էլ N3N2 ենթատեսակը:Ժամանակին բժշկի չդիմելու հետևանքով կարող են լինել բարդացումներ թոքաբորբ, այդ իսկ պատճառով պետք է դիմել ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություն, բժշկական ստացիոնար կազմակերպություն, նաև խնդրում եմ բնակչությանը չզբաղվել ինքնաբուժությամբ»,-նշել է նա:

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ