Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում կանանց մեծ մասը ոչինչ չի անում բռնությունից պաշտպանվելու կամ բռնությանը պատասխանելու...

Հայաստանում կանանց մեծ մասը ոչինչ չի անում բռնությունից պաշտպանվելու կամ բռնությանը պատասխանելու համար

260
0

Նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրը: Յուրաքանչյուր կին և աղջիկ ունի բռնությունից ազատ կյանք վարելու իրավունք: Այդուհանդերձ, կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների ամենածանր խախտումներից մեկը:

Հայաստանում զուգընկեր ունեցած 15-59 տարեկան կանանց 14.8%-ը երբևէ կյանքի ընթացքում ամուսնու (զուգընկերոջ) կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության։ Վկայում են «Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության» տվյալները, ըստ որոնց՝ կանանց որոշակի խումբ նաև սեռական և հոգեբանական բռնության է ենթարկվում։

Ներկայացնում ենք հետազոտության տվյալներ, որոնք այս տարի իրականացրել են Վիճակագրական կոմիտեն, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերությունը։ Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2021 թվականի փետրվար-ապրիլին։ Հարցումներին մասնակցել է 2872 կին:

Ըստ ստացված արդյունքների՝ ապտակը, որևէ առարկա կնոջ վրա նետելը ամենից հաճախակի հանդիպող բռնության տեսակն է, որին ենթարկվել է կանանց 13.5%-ը։

Գյուղաբնակ կանայք ավելի շատ են ենթարկվում ֆիզիկական բռնության, քան քաղաքաբնակները։ Զուգընկերոջ կողմից երբևէ ֆիզիկական բռնության ենթարկված կանանց մեջ գերակշռել են 45-59 տարիքային խմբի կանայք։

Հայաստանում կանանց մեծ մասը՝ 67%-ը, ոչինչ չի անում բռնությունից պաշտպանվելու կամ բռնությանը պատասխանելու համար։ Կանանց միայն 33%-ն է երբևէ հակահարված տվել զուգընկերոջ բռնությանը։

Քաղաքաբնակ կանայք իրենց նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությանը հակահարված տալու առումով ունեն առավել ոչ հանդուրժողական վերաբերմունք։ Կանանց կողմից զուգընկերոջ ֆիզիկական բռնությանը հակահարված տալու 39.2% դեպքերում այն դադարել է։

Սեռական բռնության է ենթարկվել կանանց 6.6%-ը


 Սեռական բռնության դրսևորումներն առավել շատ հանդիպում են քաղաքային բնակավայրերում, քան՝ գյուղական։ Սեռական բռնության ենթարկված կականց 62.5%-ը ենթարկվել է նաև ֆիզիկական բռնության։

Ֆիզիկական և սեռական բռնության ենթարկված կանայք մտածում են ընդհուպ մինչև ինքնասպանության մասին։ Հայաստանում երբևէ զուգընկեր ունեցած կանանց 7.2%-ը լրջորեն մտածել է կյանքին վերջ տալու մասին։

Հ․ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ