Գլխավոր էջ Նորություններ «Հատուկ շնորհակալություն՝ մեր խնդրանքը չմերժելու համար»․ Արսեն Թորոսյան

«Հատուկ շնորհակալություն՝ մեր խնդրանքը չմերժելու համար»․ Արսեն Թորոսյան

296
0

Ինչպես հայտնել էինք, Ժամանակակից սարքավորումներով և հարակից այլ պարագաներով հագեցած մեքենաները կհամալրեն Երևանի շտապօգնության պարկը:

«Առողջապահական համակարգը համալրվել է բոլորովին նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներով: Հայաստանի Հանրապետության վարչապետի, մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի, բարձրաստիճան պաշտոնյաների և այլ հյուրերի մասնակցությամբ այսօր ընդունեցինք նոր մեքենաները: Ճապոնիայի և Հայաստանի միջև առողջապահական ոլորտի տարիների սերտ գործակցության արդյունքում Երևանի շտապօգնության պարկը կհամալրվի 39 մեքենայով: Իսկ պետական բյուջեի հաշվին գնված` մարզային ճանապարհների համար նախատեսված և տեխնիկապես հագեցված, ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Սակայն, ինչպես լուսանկարներից երևում էր, նախկին նախարար Արսեն Թորոսյանը ևս մասնակցել է շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը։ Հատկանշական է, որ նախկին նախարարն այս անգամ ևս հիշեցրել է, որ համագործակցությունը դեռ իրենց ժամանակ է եղել․

«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ճապոնիայի մեր գործընկերներին կովիդի համավարակի հենց սկզբում մեզ նման աջակցություն տրամադրելու պատրաստակամության համար, ինչպես նաև մեր խնդրանքը չմերժելու, որպեսզի աջակցությունը լինի հենց ճապոնական արտադրության շտապօգնության մեքենաների տեսքով և ոչ թե սարքավորումների, ինչպես ի սկզբանե առաջարկվում էր»,- գրել է նախկին նախարար Թորոսյանը։

Այսպիսով, տպավորություն է, որ այս անգամ ևս առողջապահության նախկին նախարարը ցանկացել է ընդգծել, որ թե՛ նախկին պայմանավորվածությունները,թե՛ համագործակցությունները շարունակական փուլի մեջ են եղել և ներկայիս դրական արդյունքների գրավականը հենց իրենց գործունեության ընթացքում է հաջողությամբ պսակվել։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ