Գլխավոր էջ Գլխավոր Օնկոլոգիական, սրտանոթային խնդիրներ, օրգանների փոխպատվաստում, վիրահատություններ․ բժշկական ապահովագրությունը կյանքի կկոչվի

Օնկոլոգիական, սրտանոթային խնդիրներ, օրգանների փոխպատվաստում, վիրահատություններ․ բժշկական ապահովագրությունը կյանքի կկոչվի

327
0

Դեռևս տարեսկզբից իշխանությունները ծրագրում են Հայաստանում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Նախնական նշվում էր, որ նախագծով՝ աշխատավարձի 6 տոկոսն է պահվելու. 3-ը գործատուն կվճարի, 3 -ը՝ աշխատողը։

Նշենք, որ նախագծում ընդգրկված հիվանդություններից են օնկոլոգիական, սրտանոթային խնդիրները, օրգանների փոխպատվաստումը, վիրահատություններ, որոնք չեն պահանջում նորագույն տեխնոլոգիաների միջամտություն, նախնական հաշվարկով` նաև որոշ ատամնաբուժական ծախսեր, բայց ոչ թանկարժեք։ Ի դեպ, բուժծառայություններից օգտվելը Հայաստանում, իրապես թանկ հաճույք է, մարդիկ, օրինակ՝ սրտի ստենդավորման պարագայում դիմում են վարկերի օգնությանը և վիրահատությունից հետո մտածում, աշխատելու և պետության հանդեպ ֆինանսական պարտավորությունները մարելու ուղղությամբ:

Շատերն անգամ կիսատ են թողնում բուժումը, քանի որ գիտակցում են բուժումը երբեմն պահանջում է ոչ թե 100 կամ 200 հազար դրամ, այլ, ինչպես օրինակ՝ սրտի ստենդն է պահանջում 950 հազար դրամ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում անդրադարձել է խնդրին, նշելով, որ ապահովագրական համակարգի ներդրումով հիմնովին կբարեփոխվի առողջապահության առաջնային օղակը, կբարձրանա բժիշկների աշխատավարձը: Նախատեսվում է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը: Բժիշկները կվերապատրաստվեն, որպեսզի համապատասխանեն ժամանակակից առողջապահական պահանջներին:

Նախարարի հավաստմամբ պարտադիր ապահովագրական համակարգը կներդրվի փուլային տարբերակով: 2023 թ. համակարգին նախատեսվում է հատկացնել 134 մլրդ դրամ: Առաջին փուլով` 2024 թ. տեղի կունենա շահառուների թվի համահարթեցում: Ներկա դրությամբ պետպատվերի շահառուների թիվը կազմում է շուրջ 1 մլն 300 հազար:

2024 թ.-ին կներդրվի նախ կամավոր ապահովագրության պիլոտային ծրագիրը: 2025 թ. կշարունակվի քաղաքացիների ներգրավումը համակարգում:

Առողջապահության նախարարը նշել է, որ ապահովագրության համար լինելու է ֆիքսված ապահովագրավճար, որի մի մասը կսուբսիդավորի պետությունը: Ապահովագրավճարի չափը կախված կլինի շահառուի եկամուտների չափից: Ապահովագրության փաթեթով կսպասարկվեն սիրտանոթային, ուռուցքաբանական, շաքարային դիաբետի եւ այլ հիվանդություններ: Փաթեթի մեջ չեն մտնում ատամնաբուժական, պլաստիկ վիրաբուժության եւ մի քանի այլ ծառայություններ:

Ապահովագրության հիմնական փաթեթին կից կլինեն նաեւ այլ փաթեթներ, որոնք կսպասարկվեն մասնավոր հիմնադրամների միջոցով:

Ըստ նախարարի՝ 2025 թ.-ին պետությունը կապահովագրի թոշակառուներին:

Հիշեցնենք, որ  ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը MedMedia.am-ի հետ զրույցում նշել էր, որ առաջարկվող մոտեցմամբ՝ շահառուներ պետք է լինեն ՀՀ բոլոր քաղաքացիները, բայց դա ոչ միանգամից կարող է տեղի ունենալ՝ կապված հակաբյուջետային սահմանափակումներով, որովհետև բնակչության մի զգալի մասի ապահովագրական վճարները պետք է կատարվեն պետական բյուջեի միջոցներից՝ հաշմանդամներ, զինծառայողների ընտանիքի անդամներ, մինչև 18 տարեկան երեխաներ, 63 տարեկանից բարձր անձինք։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ