Գլխավոր էջ Գլխավոր Առողջ սնունդ և երեխաներ․ ինչպե՞ս երեխաներին սովորեցնել առողջ սնվել

Առողջ սնունդ և երեխաներ․ ինչպե՞ս երեխաներին սովորեցնել առողջ սնվել

12173
0

Երեխաների առողջ սնվելու հարցը հուզում է շատ ծնողների, ովքեր փորձում են իրենց երեխաներին սովորեցնել առողջ սնվել։ Մենք զրուցել ենք մանկաբույժ Սյուզաննա Մկրտչյանի հետ։ Նրանից պարզել ենք, թե ի՞նչ է նշանակում առողջ սնունդ, ի՞նչ է իր մեջ ներառում առողջ սնունդը, ինչպես նաև անդրադառնում ենք հարցին, թե ինչպե՞ս երեխաներին սովորեցնել առողջ սնվել։

— Ի՞նչ է առողջ սնունդը։

— Առողջ սնունդը սննդակարգն է, որն իր մեջ ներառում է բոլոր սննդային բաղադրամասերը՝ սպիտակուց, ածխաջուր, ճարպեր, մինիրալներ, վիտամիններ։ Ընդ որում, հարկ եմ համարում նշել, որ ըստ տարիքի չափաբաժինները փոխվում են։ Կարևոր է նաև, որ սնունդը լինի անվտանգ պատրաստված և ճիշտ մշակման ենթարկված։

— Ինչպե՞ս երեխաներին սովորեցնել առողջ սնվել։  

— Ամենակարևորը, բնականաբար սեփական օրինակն է, քանի որ երեխան ինչ տեսնում է, այն էլ սովորում է։ Եթե ընտանիքի անդամներն օգտագործում են առողջ սնունդ, ապա երեխայի մեջ ինքնին արմատանում է առողջ սնվելու սովորությունը և նա մեծանալով կօգտագործի առողջ սնունդ։ Եթե մենք փորձենք երեխային տալ առողջ սնունդ, բայց ինքներս օգտագործենք ոչ օգտակար մթերքներ, ունենանք վատ սննդային վարքագիծ, չնախաճաշենք, օգտագործենք ոչ ճիշտ մթերքներ վաղ թե ուշ երեխան կընդօրինակի ընտանիք անդամներին։ Ուստի, ամենակարևորը ճիշտ օրինակ ծառայելն է։

— Ո՞ր մթերքները բացառել կամ փոխարինել այլ՝ օգտակար մթերքներով։

— Նախ բարձր շաքարի պարունակությամբ մթերքները, օրինակ՝  թխվածքաբլիթները, կոնֆետները, հաճախ երեխաներին առաջարկում են որպես միջուտեստներ։ Սրանք ցանկալի է փոխարինել մրգային, հատապտղային կամ բանջարեղենային ափսեներով։ Շաքարի բարձր պարունակությամբ հեղուկներ են համարվում գազավորված ըմպելիքները, այսպես կոչված բնական հյութերը, որոնք ցանկալի է փոխարինել սովորական ջրով։ Ցանկալի չէ օգտագործել ապխտած կամ բարձր աղի պարունակությամբ մթերքներ, օրինակ չիպսեր և այնպիսի մթերքներ, որոնք մշակվել են բազմաթիվ անգամ տաքացրած ձեթերով։ Ինչպես նաև այսպես կոչված ֆաստ ֆուդն ամբողջությամբ։ Մի քանի անգամ տաքացված ձեթերը մեծ վնասներ են պարունակում, վտանգավոր է նաև միսը, որն օգտագործվում է ֆաստ ֆուդ պատրաստելիս։ Ցանկալի է տապակած մթերքները փոխարինել ջեռոցում պատրաստված մթերքներով և ենթարկել ճիշտ ջերմային մշակման։

-Խորհուրդներ ծնողներին՝ ինչպե՞ս սովորեցնել երեխաներին ճիշտ և առողջ սնվել։

Նախ պետք է նշեմ, որ սեփական օրինակն ամենակարևորն է։ Երեխան պետք է տեսնի առողջ սնվող ծնողներ, ընտանիք, որպեսզի այդ սովորություններն արմատանան նրա մոտ։ Պետք է լինել համբերատար, սովորեցնել, առաջարկել առողջ սնունդ, միրգ, բանջարեղեն, հատիկեղեն, միս, կաթնամթերք։ Այս բոլոր մթերքները պետք է ներառված լինեն երեխայի սննդային օրակարգում։ Բոլոր մթերքները պետք է ճիշտ բաշխված լինեն՝ տարիքին համապատասխան։ Հիմնական բաղադրամասերը՝ բանջարեղենն է, միսը, հատիկեղենը։ Ընդ որում այնպիսի հատիկեղեն, որը կեղևապատած է, օրինակ մաքրված են ցորենը, բրինձը, որոնք այնքան էլ օգտակար չեն։ Իսկ ավելի օգտակար հատիկեղեններից են՝ հաճարը, հնդկաձավարը, սև բրինձը, քինուան, որոնք պետք է երեխայի սննդակարգում անպայման ներառված լինեն։ Որպեսզի ճիշտ սովորություններ արմատանան՝ ծնողները պետք է լինեն համբերատար, ավելին՝ խորհուրդ չի տրվում ստիպողաբար կերակրել երեխային։ Խորհուրդ կտայի նաև երեխայի սննդի ընդունումը կազմակերպել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի բոլոր անդամների հետ միասին և սեղանին դնել առողջ սննդի բոլոր բաղադրամասերը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ