Գլխավոր էջ Նորություններ Նստակյաց ապրելակերպը թանկ է

Նստակյաց ապրելակերպը թանկ է

255
0

Նստակյաց կյանք վարելու հետևանքով 2020- 2030 թվականների ընթացքում գրեթե 500 միլիոն մարդ կունենա տարբեր ոչ վարակիչ հիվանդություններ՝ սրտի խնդիրներ, գիրություն, շաքարախտ և այլ։ Համաշխարհային տնտեսության համար դա կարժենա տարեկան 27 միլիարդ դոլարի վնասի։ Այս մասին զգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, այսօր ամեն չորրորդ մեծահասակ ու հինգ անչափահասից չորսը չեն զբաղվում սպորտով ու ֆիզիկական ակտիվությամբ։ ԱՀԿ մասնագետները կոչ են անում կառավարություններին աչք չփակել այս խնդրի վրա ու խթանել սպորտը որպես ոչ վարակիչ հիվանդությունների աճի կանխարգելման միջոց։

ԱՀԿ-ից հիշեցնում են, որ ֆիզիկական ակտիվությունն օգտակար է  տարբեր տարիքի մարդկանց առողջության համար։ Սպորտն օգնում է կանխարգելել և բուժել ոչ վարակիչ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են սրտի հիվանդությունները, ինսուլտը, շաքարախտը, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղը, հիպերտոնիան, ինչպես նաև կարող է բարելավել հոգեկան առողջությունն ու ինքնազգացողությունը: Մարզվելու համար պարտադիր չէ մարզասրահ գնալ։ Ֆիզիկական վարժությունները կարելի է անել տանը, քայլել կամ վազել մոտակա այգում։

ԱՀԿ-ի նոր զեկույցում ներառված են 194 երկրներից հավաքված տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ վերջին տարիներին բնակչության ֆիզիկական ակտիվության խնդրին պատշաճ ուշադրություն չի դարձվել, ինչը հանգեցնում է բնակչության առողջական վիճակի վատթարացման և առողջապահական համակարգերի չափազանց ծանրաբեռնվածության։ Մինչ օրս երկրների միայն 50 տոկոսն ունի ֆիզիկական ակտիվության ազգային ռազմավարություն: Աշխարհի բոլոր երկրների միայն մեկ երրորդն է մշակել ռազմավարություն, որը վերաբերում է բոլոր տարիքային խմբերի ֆիզիկական ակտիվությանը: Աշխարհի 40-ից քիչ երկրներ են, որ ակտիվորեն խթանում են սպորտի համար պայմանների ստեղծման ծրագրերին, այդ թվում՝ զբոսանքի և հեծանվավազքի համար ապահով վայրերի կառուցմանը։ Նստակյաց ապրելակերպը չափազանց թանկ է արժենում. մինչև 2030 թվականը կանխարգելելի ոչ վարակիչ հիվանդությունների նոր դեպքերի բուժման ծախսերը կկազմեն գրեթե 300 միլիարդ դոլար՝ տարեկան մոտ 27 միլիարդ դոլար: Զեկույցի հեղինակները կոչ են անում պետություններին խթանել ֆիզիկական ակտվիությունը՝ մինչև 2030 թվականը ապահովել ֆիզիկական ակտիվության 15 տոկոս աճ։

Նյութի աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ