Գլխավոր էջ Գլխավոր Չոր աչքի համախտանիշ․ խորհուրդներ ակնաբույժից

Չոր աչքի համախտանիշ․ խորհուրդներ ակնաբույժից

11547
0

Ակնային ամենատարածված խնդիրներից մեկի՝ չոր աչքի համախտանիշի մասին մենք զրուցել ենք ակնաբույժ Թամարա Մկրտչյանի հետ։

Չոր աչքի համախտանիշի առաջացման պատճառները

Այն առաջանում է, երբ բավարար քանակությամբ արցունք չի առաջանում կամ արցունքի բաղադրությունը փոփոխված է։ Մեր արցունքը կազմված է երեք շերտից՝ յուղային, ջրային և լորձային: Այս 3 բաղադրիչներից յուրաքանչյուրի խաթարումը, կարող է բերել չոր աչքի համախտանիշի: Արցունքային շերտի անբավարարությունը բերում է աչքի մակերեսի չորացման և վնասման:

Չոր աչքի համախտանիշի պատճառները մի քանիսն են

1. Էկրանների առաջ երկար գտնվելը, ինչը ժամանակակից աշխարհում չարաշահում են գրեթե բոլորը, որի պատճառով մենք ավելի քիչ ենք թարթում և ստեղծվում է արցունքային շերտի դեֆիցիտ։

2. Ծուխը, օդորակիչների տաք և սառը օդը, նպաստում են արցունքային շերտի առավել արագ գոլորշիացմանը։

3. Կոնտակտային լինզաները, տարած ակնային վիրահատությունները, և իհարկե տարբեր հիվանդություններ, որոնց դեպքում արցունք ավելի քիչ է արտադրվում կամ ընդհանապես չի արտադրվում:

Ուշադիր եղեք հետևյալ գագատներին

Աչքերում չորության, այրոցի, քորի և անգամ ցավի զգացում։ Դուք հաճախ եք թարթում Ձեր աչքերը՝ պինդ սեղմելով։ Կան նաև այլ գանգատներ՝ լուսազգայունություն, աչքի կարմրություն, աչքում օտար մարմնի, ավազի զգացողություն։ Հնարավոր պարադոքսալ ախտանշանը արցունքահոսությունն է, երբ արտադրվող արցունքի բաղադրությունը և որակը աչքին չեն բավարարում, գեղձերը սկսում են արտադրել ավելի շատ արցունք՝ փորձելով վերակագնել արցունքային անհրաժեշտ շերտը՝ արտադրելով նույն անբավարար բաղադրությամբ արցունքը ավելի ու ավելի շատ: Եվ իհարկե, վերոնշյալ արցունքահոսության պատճառով հնարավոր է նաև տեսողության վատացում, պատկերները կարող են լղոզված երևալ։

Նման խնդրի առավել հաճախ բախվում են կանայք

Հիվանդությանն առավել մեծ հակում ունեն մեծահասակները, կանայք, կոնտակտային լինզաներ կրողները և աչքի վիրահատություններ տարած մարդիկ:

 Խորհուրդներ այս համախտանիշն ունեցող մարդկանց

Առաջին ու ամենապարզ բանը, որ պետք է խորհուրդ տամ՝ աչքերը հաճախ թերթելն է։ Կատարելով այս պարզ գործողությունը, դուք կարող եք ազատվել չոր աչքի հիմնական նշաններից, ինչպես նշեցի, երբեմն գանգատների առաջացման միակ պատճառը կարող է լինել էկրանների պատճառով` ավելի քիչ թարթելը։ Հաջորդ խորհուրդը շրջակա միջավայրի հետ է կապված: Մի ծխեք և խուսափեք ծխով լցված տարածքներից, աշխատանքային սենյակներում կարող եք օգտագործել օդը խոնավեցնող սարքեր։ Եվ վերջին խորհուրդը՝ պարբերաբար օգտագործեք արհեստական արցունքներ, առավել ևս եթե Ձեր աշխատանքի կամ առօրյայի ընթացքում շատ եք լինում էկրանների առաջ, խորհուրդ եմ տալիս  ընտրել առանց կոնսերվանտների տարբերակներ։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ