Գլխավոր էջ Գլխավոր Ավանեսյանը վրե՞ժ կլուծի

Ավանեսյանը վրե՞ժ կլուծի

291
0

Սույն թվականի հունիսի 8-ին, ընդդիմադիր երեք կին պատգամավորները ներխուժել էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, զոհված զինծառայողների նկարները նետել գետնին և աղմուկ բարձրացրել: Նրանք էին՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Վերջիններս, չենթարկվելով շենքում անվտանգության ծառայություն իրականացնող ոստիկանների պահանջներին, անցնել են անվտանգության երկաթե ձողերի տակով, շարժվել դեպի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ: Ընդդիմադիր պատգամավորները նշել են, թե ցանկանում են հանդիպել նախարարի հետ: Երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են կանխել նրանց գործողությունները, վերջիններս ասել են, թե ԱԺ պատգամավորներ են, և ոստիկանները իրավունք չունեն իրենց ձեռք տալու: Հասնելով նախարարի ընդունարան՝ աշխատակիցները նրանց տեղեկացրել են, որ նախարարը նիստ է անցկացնում, սակայն պատգամավորները ներխուժել են նիստերի սրահ: Տեսնելով Անահիտ Ավանեսյանին՝ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նախ գրպանից հանել է զոհված զինծառայողների լուսանկարները և դրանք նետել նախարարի ուղղությամբ: Այնուհետև՝ վերջիններս սկսել են վիրավորել Ավանեսյանին և մեղադրել ոստիկաններին պաշտպանելու համար:

Նախարարն այս ամենը բնութագրել էր իբրև խուլիգանական արարք:

Այսօր, հոկտեմբերի 20-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ  աշխատանք էր ընթանում, որպեսզի ԱԺ-ում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովի կազմը որոշվի:

«Ես հետևողականորեն հսկելու եմ, որպեսզի ներկայացված դիմումն ի վերջո քննվի»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ դեպքի հաջորդ օրը, կառավարությունում, Ավանեսյանը նշել էր, թե ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով կստեղծվի․

«Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը որ կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, պատգամավորին ոչ հարիր գործելաոճը ու խստորեն արձագանք կլինի դրան», – նշել էր նախարարը:
Այսօր արդեն, հարցին, թե արդյոք այս քայլը վրեժ չի ընկալվի, Ավանեսյանը նշել է, որ վրեժի մասին խոսք լինել չի կարող․

«Վրեժի մասին խոսք չկա: Եթե մարդը դիմում ու հայտ է ներկայացնում, պետք է հետևողականորեն դրան հսկի»,-նշել է նա:

Ավանեսյանը նաև անդրադարձել է Աբովյանի դիահերձարանում պատերազմի մասնակիցների մասունքները և մարմինները պարկերով գետնին գցած լինելուն, նշելով, թե դրա շրջանակներում հարուցվեց քրեական գործ, դա ընթացքի մեջ է, թե ավարտվել է, չի կարող ասել:

«Քաղաքական պատասխանատվությունը այդ աշխատակիցների հեռացումն էր աշխատանքից»,-նշել է նա:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ