Գլխավոր էջ Գլխավոր ԱՆԱՎԱՐՏ ԽՆԴԻՐ․ հաշմանդամություն ունեցող անձինք պատերազմի ժամանակ չեն կարողացել տեղափոխվել ապահով վայր

ԱՆԱՎԱՐՏ ԽՆԴԻՐ․ հաշմանդամություն ունեցող անձինք պատերազմի ժամանակ չեն կարողացել տեղափոխվել ապահով վայր

229
0

Հաշմանդամություն ունեցող անձինք ողջ աշխարհում համարվում են խոցելի և համապատասխան քայլեր են ձեռնարկվում նրանց իրավունքների պաշտպանության, կրթության իրավունքի պաշտպանության, մատչելի միջավայրի ապահովման և այլնի համար:Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն են նվիրված մի շարք միջազգային, ինչպես նաեւ ներպետական իրավական փաստաթղթեր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրեց 2010 թվականին: Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն եւ հավասարապես օգտվել մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից, ինչպես նաեւ ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ։ Կոնվենցիան ապահովում եւ պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական եւ մշակութային կյանքում։ Վավերացնելով Կոնվենցիան՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու եւ կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Այդ միջոցները պետք է ուղղված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության եւ հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ու համակարգերի հասանելիության ու մատչելիության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չի վավերացրել Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Նշված արձանագրությամբ նախատեսվում է ներդնել անհատական հաղորդումների (գանգատներ) եւ հետաքննության ընթացակարգերը` որպես կոնվենցայի կիրարկման ապահովման երաշխիքներ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը կոնվենցիայի մշտադիտարկման մեխանիզմներից մեկն է, կարգավորում է հարցեր, որոնք կոնվենցիայով բավարար չեն կարգավորվում։

Նշենք, որ հավանություն է տրվել 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքի նախագծի մասին Հայաստանի Հանրա­պե­տության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը:

Հիշեցնենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կոպտորեն խախտվել է նաև սեպտեմբերի 13-ին ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ, ինչը արձանագրել է նաև ՀՀ ՄԻՊ-ը: Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի՝ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական գործողություններից տուժած բնակավայրերից տեղահանվել է առնվազն 99 հաշմանդամություն ունեցող անձ: Ադրբեջանական ԶՈւ չտարբերակված թիրախավորման և տարբեր զինատեսակների կիրառման ինտենսիվությամբ պայմանավորված՝ որոշ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, առողջական խնդիրներ ունեցող տարեցները, ինչպես նաև նրանց խնամող անձինք գործնականում զրկվել են տեղահանման հնարավորությունից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Վարդենիս քաղաքի թիրախավորումն ուղղակիորեն վտանգել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում բնակվող հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող շուրջ 450 անձանց կյանքի, անվտանգության և առողջության իրավունքները, ինչպես նաև լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել վերջիններիս բժշկական, սոցիալական և այլ ծառայությունների մատուցման համար: Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքի և նրանց պաշտպանության, այդ թվում՝ տարհանման համար հատուկ միջոցների կիրառման պահանջները սահմանված են Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաներով, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և միջազգային այլ իրավական ակտերով:Հայաստանն ինչ խոսք ունի վավերացրած բազմաթիվ կոնվենցիաներ, որոնք թերևս ադրբեջանական կողմից մշտապես ոտնահարվում ու խախտվում են:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ