Գլխավոր էջ Գլխավոր Մանկական կարճատեսություն․ կարևոր խորհուրդներ մայրիկներին

Մանկական կարճատեսություն․ կարևոր խորհուրդներ մայրիկներին

10591
0

Մանկական ակնաբույժ Մարի Մարգարյանի հետ զրուցել ենք երեխաների շրջանում բավականին տարածված մանկական կարճատեսության մասին։ Պարզել ենք, թե ինչո՞ւ է այն առաջանում և ինչպե՞ս է հնարավոր խնդրից խուսափել։

Ի՞նչն է կարճատեսության առաջացման պատճառը երեխաների շրջանում։

Նախ ուզում եմ նշել, որ մեր աչքն իրենից ներկայացնում է բարդ օպտիկական համակարգ, որի բեկող հատկությունը մենք անվանում ենք ռեֆրակցիա։ Տարբերում ենք ռեֆրակցիայի հետևյալ տեսակները՝ 1)էմետրոպիա (համաչափ), երբ լույսի ճառագայթները բեկող միջավայրերով կրկնակի բեկվելուց հետո հայտնվում են ցանցաթաղանթի կենտրոնական հատված, որտեղից տեսողական նյարդը հստակ, որակյալ իմպուլս է վերցնում և փոխանցում կեղև։ 2)Ամետրոպիա, որը կարող է դրսևորվել հետևյալ ձևերով. 2.1)կարճատեսություն 2.2)հեռատեսություն 2.3)աստիգմատիզմ։ Կարճատեսության ժամանակ օպտիկական միջավայրերով լույսի ճառագայթներն ավելի ուժեղ են բեկվում և պատկերի ֆոկուսավորումը հայտնվում է ցանցաթաղանթից առաջ, այդ պատճառով լավանում է մոտիկի և վատանում հեռվի տեսողությունը։ Կարճատեսության զարգացումը երեխաների մոտ պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մասնավորապես կցանկանամ առանձնացնել հետևյալները՝ 1)երկարատև տեսողական ծանրաբեռնվածություն (գաջետներ, երկարատև գրել-կարդալ, նկարել և այլն) 2)ոչ բավարար լուսավորվածության պայմաններում երեխաների դաս անելու սովորություն 3)սխալ կեցվածք 4)ժամանակից շուտ տարիքային հեռատեսության չեզոքացումը, քանի որ նորմայում բոլոր երեխաները ծնվում են հեռատես, որի չեզոքացումը պետք է տեղի ունենա 6-8 տարեկան հասակում աստիճանաբար։ Եթե մեր կենսակերպով ժամանակից շուտ ենք սպառում մեր ունեցած տարիքային հեռատեսությունը, մեծացնում ենք հետագայում կարճատես դարնալու ռիսկը։ Կամ պարզապես երեխայի տարիքային հեռատեսությունը տարիքային նորմայից ավելի քիչ է և քանի որ երեխան գտնվում է աճի և զարգացման շրջանում, որը բնականաբար իրենից ենթադրում է նաև աչքի կառուցվածքային փոփոխություն, չեզոքացումը տեղի է ունենում ավելի վաղ և մեծացնում կարճատես դառնալու ռիսկը 5)ժառանգական նախատրամադրվածությունը 6) և այլն։

Հատկապես ո՞ր տարիքում է երեխաների մոտ ի հայտ գալիս կարճատեսություն։

Եթե խոսենք ձեռքբերովի կարճատեսության մասին, ապա պետք է նշեմ, որ այն երեխաների մոտ հիմնականում առաջանում է նախադպրոցական և դպրոցական տարիքում՝ պայմանավորված հիմնականում վերը նշված գործոններով։

Հնարավո՞ր  է արդյոք մանկական տարիքում ամբողջապես ազատվել կարճատեսությունից և եթե այո, ապա ի՞նչ տարբերակով։

Եթե կատարվել է ցիկլոպլեգիա (բբի լայնացում) և ամբողջական ծավալով երեխան հետազոտվել է և երեխայի մոտ ախտորոշվել է կարճատեսություն, ապա պետք է անպայման գրագետ հսկողություն՝ օպտիկական շտկում (ակնոց, կոնտակտային լինզաներ) մշտական կրման։ 3-4 ամիսը մեկ այց մանկական ակնաբույժի, ինչպես նաև ճիշտ կենսակերպ, հնարավոր աճը կանխելու նպատակով, քանի որ կարճատեսությունը ետ զարգացում չի ունենում: Եթե դինամիկ հսկողության պարագայում նկատվում է կարճատեսության աստիճանի նվազում դա մեզ՝ ակնաբույժներիս, անհանգստացնում է, քանի որ դա կարող է լինել կարճատեսության բարդության՝ ցանցաթաղանթի շերտազատման կամ մեկ այլ հիվանդության հետևանք:

Ի՞նչ խորհուրդներ ունեք ծնողներին, որոնց երեխաներն ունեն կարճատեսություն։

Ծնողներին խորհուրդ եմ տալիս. 1) պահպանել տեսողական հիգիենան՝ նվազեցնել տեսողական լարվածությունը, օգտվել ակնաբուժության մեջ հայտնի 20:20:20 բանաձևից: Այսինքն 20 րոպե տեսողական լարվածությունից հետո, 20 վրկ. նայել 20 մետր հեռավորության վրա։ 2) Լինել զգոն և ժամանակին դիմել մանկական ակնաբույժի հետևյալ դեպքերում՝ առարկաներին մոտ գնալու սովորություն, ծնողներին տեսնելուց ոչ լիարժեք ռեակցիա, դյուրհոգնածություն, դյուրագրգիռ վիճակ, ուշադրության, կենտրոնացման դժվարացում, որոշակի ասպեկտներում զարգացման հապաղում(օր.՝ խոսք,քայլվացք), գլխի հարկադրական դիրք, մեկ աչքը հաճախ փակելու սովորություն։ Խորհուրդ է տվում նաև հնարավորինս շատ զբոսնել, օգտագործել բալանսավորված սնունդ,  հետևել երեխայի կեցվածքին, թույլ լուսավորված պայմաններում դաս չսովորել (ընդ որում լույսի աղբյուրը պետք է լինի ձախից), ակնոցային կորեկցիան կարճատեսության դեպքում անկախ կարճատեսության աստիճանից կրե՛լ մշտական, տեղամասային պոլիկլինիկայում անցնել բոլոր սկրինինգային հետազոտությունները։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ