Գլխավոր էջ Գլխավոր Սպիտակի բկ է այցելել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարը

Սպիտակի բկ է այցելել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարը

193
0

Այսօր Սպիտակի բժշկական կենտրոնում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտին: Նրան ուղեկցել են Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը, ՀՀ Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը:

Ներկա են եղել նաև Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը: Ինչպես հայտնի է, հիվանդանոցը կառուցվել է 1988թ. աղետալի երկրաշարժից հետո՝ 1989թ.-ին, Նորվեգիայի Թագավորության ֆինանսական աջակցությամբ ու ջանքերով, և այդ ծանր օրերին մեծ օգնություն է եղել տարածաշրջանի բնակչության համար: Նորվեգիայի ԱԳ նախարարի այցը բժշկական կենտրոն նպատակ է ունեցել այսքան տարիներ անց ծանոթանալու այստեղ ստեղծված պայմաններին, բուժհաստատության՝ սարքավորումներով հագեցվածությանը:

Հ. Ավետիսյանն իր և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ողջունել է նախարարի այցը Լոռու մարզ և իր խոսքում բարձր է գնահատել Նորվեգիայի Թագավորության և նորվեգ ժողովրդի մեծ աջակցությունը ինչպես ավերիչ երկրաշարժից հետո, այնպես էլ՝ հետագա տարիներին: Աննիկեն Հյութֆիլդտն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և բարձր գնահատել այն, որ կառուցվելուց հետո՝ 33 տարի անց, Սպիտակի բժշկական կենտրոնը բարեկարգ և պահպանված վիճակում է, հագեցած է անհրաժեշտ բուժսարքավորումներով և գույքով:

Երախտագիտության խոսքով հանդես է եկել նաև Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը: Նա նշել է, որ ավերիչ երկրաշարժից հետո Նորվեգիայի Թագավորության, նորվեգ ժողովրդի աջակցությունը սպիտակցիներին հսկայական է եղել, և տարածաշրջանի ողջ բնակչությունը երբեք չի մոռանա այդ ծանր օրերին իրենց ցուցաբերված մարդասիրական օգնությունը: Նա նաև նշել է, որ բուժհաստատությունը մեծ ցանկություն ունի գործակցելու Նորվեգիայի Թագավորության բուժհաստատությունների հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ