Գլխավոր էջ Գլխավոր Պոլիկլինիկաները ներսից փտում են՝ մասնագիտական ու շենքային ամենաբուն իմաստով

Պոլիկլինիկաները ներսից փտում են՝ մասնագիտական ու շենքային ամենաբուն իմաստով

427
0

Հայաստանում առողջապահական համակարգում որքան էլ բարեփոխումներ եղան, այնքանով էլ շարունակում ենք բացթողումներ արձանագրել: Օրինակ՝ առողջության առաջնային պահպանման օղակում եղել են ու դեռ պահպանվում են «հին ավանդույթները», շենքային պայմաններինց մինչև բժշկական ծառայությունների սպասարկում, ինչը  թերի է ՀՀ շատ ու շատ պոլիկլինիկաներում:

Հաճախ կարելի է հանդիպել խնդրի, երբ ծնողը երեխային տանում է պոլիկլինիկա ու ստիպված է լինում մեկ կամ երկու ժամ սպասել հերթում, ինչ է՝ նյարդաբանի կամ քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ պետք է երեխային տանի: Վիրուսների ակտիվացման այս փուլում, պոլիկլինիկաների հերթերի մեջ երեխաների շրջանում վարակի տարածման հավանականությունն էլ ավելի է մեծանում, մյուս կողմից էլ պետք է նշել, որ շատ դեպքերում երեխաների համար նախատեսված ժամերին հերթերի մեջ լինում են մեծահասակներ, նորակոչիկներ, ովքեր նույն մասնագետին են սպասում, ինչպես օրինակ՝ 1 կամ 2 տարեկան երեխան: Վերջերս, Medmedia.am-ի հետ զրույցում էլ երեք  երեխաների մայր Ս․ Ա․-ն պատմեց, որ Երևանի պոլիկլինիկաներից մեկում, որտեղ իր երեխաներն են գրանցված, նյարդաբանը երբեք չի հետազոտում երեխաներին, փոխարենը պահանջում է 2000 դրամ, որպեսզի ծնողը հերթի մեջ չկանգնի և առանց ժամանակ վատնելու ստանա ստորագրված թուղթը, իբրև՝ երեխաներն անցել են համապատասխան ստուգումը: Նշենք նաև, որ պոլիկլինիկաներում կա նեղ մասնագետների պակաս: Չկան ալերգոլոգներ, լինելու դեպքում էլ անընդհատ նշվում է՝ պետպատվերը սպառվել է, պետք է տանեք վճարովի:

Այս իրավիճակում չես կարողանում հասկանալ, ի վերջո ով է պատասխանատուն կամ որն է պատասխանատու օղակը, ում դիմել, կամ ինչպես հասկանալ, ինչու են երեխայիդ ուղղորդում վճարովի հետազոտության, կամ որոնք են այն չափորոշիչները, որոնց առկայությամբ միայն երեխան կարող է անվճար բուժօգնություն ստանալ:

Մյուս կողմից էլ հարկ է նշել պոլիկլինիկաների շենքային պայմանները, հատկապես մարզերում շատ ամբուլատորիաներ անմիխիթար վիճակում են․

Տավուշի մարզի, Այրում քաղաքի բժշկական ամբուլատորիան իրենց ֆեյսբուքյան էջում գրել է ու տեղեկացրել, որ շենքը գտնվում է բժշկական հաստատությանը ոչ համապատասխան վիճակում․ Նշենք, որ Այրումի բժշկական ամբուլատորիան սպասարկում է մոտ 4000 բնակչի: Արդեն 17 տարի ամբուլատորիան աշխատում է անմխիթար պայմաններում, ինչպես գրառման մեջ է նշվում, օր օրի ավելանում է աղետալի հետևանքի վտանգը:

Այրումի ամբուլատորիան գրավոր դիմել և իրավիճակի մասին տեղեկացրել է պետական մարմիններին (համայնքապետարանից մինչև ՀՀ նախագահ),սակայն խնդրին որևէ լուծում չի տրվել: Առողջապահության նախարարությունից էլ պատասխան են ստացել՝ խնդրի լուծումը Տավուշի մարզպետարանի շրջանակում է:

Ի դեպ՝ խիստ վթարային պայմաններում աշխատելով վտանգվում է թե անձնակազմի և թե ամբուլատորիա հաճախող պացիենտների կյանքը, այդ թվում փոքրիկների:

Մի քանի օր առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ 12 բժշկական կենտրոնում իրականացվում են նախագծման կամ շինարարական աշխատանքներ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում:

«Հաջորդ տարի էլ բյուջեով արդեն իսկ նախատեսվել են նոր ծրագրեր՝ կապված ամբուլատոր հատվածի բարեկարգման հետ: Եթե Հայաստանում հիվանդանոցային օղակն իր ենթակառուցվածքների, սարքավորումների հագեցվածության առումով բավարար կետի է հասնում, նույնը չենք կարող արձանագրել առաջնային օղակի մասին: Եվ սա մեր կարևոր բարեփոխումներից է, որ կապիտալ ներդրումները հաջորդիվ պետք է ուղղվեն առաջնային օղակի բարեկարգումներին», -ասել է Ավանեսյանը:

Մնում է սպասել և հետևողական լինել, հասկանալու համար, թե որքան գումար կնախատեսվի սույն ծրագիրն իրականացնելու համար և ինչ մակարդակով կլինի բարեփոխումների փաթեթը:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ