Գլխավոր էջ Uncategorized «Հայկական ակնաբուժության նախագիծը» Տեսողության համաշխարհային օրվա առթիվ իրականացրեց Բաց դռների օր

«Հայկական ակնաբուժության նախագիծը» Տեսողության համաշխարհային օրվա առթիվ իրականացրեց Բաց դռների օր

276
0

Այսօր տեսողության համաշխարհային օրն է: Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Սիրե՛ք ձեր աչքերը» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել ձեռքբերովի կուրության եւ տեսողական խանգարումների հետ կապված հիմնահարցերի վրա:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ Տեսողության համաշխարհային օրը նշում է 2003թ.-ից: Այս տարի իր ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ՀԱՆ-ը երեք հիմնական միջոցառում իրականացրեց՝ «բաց դռների օր» Արմավիրի մարզային ակնաբուժական ախտորոշման նորաբաց կլինիկայում, երեխաների ակնային ընդհանուր հետազոտություն «ՕՐՐԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպությունում եւ առցանց հանդիպում-քննարկում մանկական ակնաբույժի հետ:

ՀԱՆ-ի Արմավիրի մարզային ակնաբուժական ախտորոշման նորաբաց կլինիկայում Աչքի շարժական հիվանդանոցի բուժանձնակազմը տեղի ակնաբույժների հետ իրականացրեցին քաղաքացիների ընդունելություն, ակնային խորացված հետազոտություններ եւ խորհրդատվություն՝ միաժամանակ տեղի գործընկերներին փոխանցելով իրենց փորձը: ՀԱՆ-ի ակնաբուժական խումբն այցելեց նաեւ «ՕՐՐԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ ակնային ընդհանուր հետազոտություն իրականացնելու, անհրաժեշտության դեպքում նաեւ օպտիկական ակնոցներ տրամադրելու համար: Կենտրոնի շահառու այն երեխաները եւ դեռահասները, ում մոտ հետազոտության արդյունքում կբացահայտվեն տեսողության խանգարումներ, կուղղորդվեն Երեւանի առաջատար ակնաբուժական կենտրոններ՝ մանրակրկիտ հետազոտության եւ բուժման:

ՀԱՆ-ը «Իմ փոքրիկ» տեղեկատվական հարթակի հետ գործակցությամբ օրվա երկրոդ կեսին կանցկացնի առցանց հանդիպում-քննարկում մանկական ակնաբույժի հետ: Ակնային առողջության եւ անվտանգության վերաբերյալ կարեւոր տեղեկատվությանը զուգահեռ ծնողները հնարավորություն կստանան ուղիղ եթերում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ մանկական ակնաբույժ Մարիամ Հովհաննիսյանից:

Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում 1.1 միլիարդ մարդու համար ակնային խնամքը հասանելի չէ, եւ վերջիններս տեսողության լուրջ խնդիր ունեն: Տեսողությունը կորցրած մարդկանց 90%-ն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ չբուժված թույլ տեսողության պատճառով ամեն տարի աշխարհում 411մլդ դոլարին համարժեք արտադրողականության կորուստ է լինում: ՀԱՆ-ը 2003թ.-ից ի վեր ակնաբուժական հետազոտություններ եւ բուժում է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում:

ՀԱՆ-ը Աչքի շարժական հիվանդանոցում եւ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում իրականացրել է շուրջ 500.000 ակնային ստուգում, կատարել է 31.000-ից ավելի ակնային վիրահատություն եւ լազերային միջամտություն, բաժանել է ավելի քան 77.000 ակնոց: ՀԱՆ-ի երկարամյա աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%:

Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով:

Աղբյուրը՝ med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ