Գլխավոր էջ Uncategorized Նոր նախագիծ․ դեղերի գովազդը՝ արտաքին գովազդի վահանակներում․ ի՞նչ հիմնավորմամբ

Նոր նախագիծ․ դեղերի գովազդը՝ արտաքին գովազդի վահանակներում․ ի՞նչ հիմնավորմամբ

351
0

Երեկ՝ հոկտեմբերի 6 -ին, Կառավարության նիստում քննարկվեց էկոնոմիկայի նախարարության առաջարկած՝ Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, և նախագծի անհրաժեշտության մեջ նշվում է, որ այն որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար։

Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախագիծը զեկուցելիս ասաց, որ դեղերի գովազդի մյուս տեսակները թույլատրվում են, նման կարգավորման հիմնավորումը շատ թույլ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտաքին գովազդը, որպես տեղեկատվության ներկայացման հարթակ, շատ ավելի նեղ շրջանակ է ընդգրկում, քան հեռուստագովազդը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ այս ոլորտը խիստ կարգավորվում է․ «Այս նախագիծը վերաբերում է միայն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է և գովազդի թույլտվության պայմանները խիստ են։ Ամեն ինչ անելու ենք, որ սա չվնասի սպառողների իրավունքներին»,- նշեց ԱՆ նախարարը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ դեղերի արտաքին գովազդը չի կարող սպառնալիք հանդիսանալ բնակչության շրջանակներում, քանի որ դեղորայքի արտադրությունը և շրջանառությունը իրականացվում է առողջապահության նախարարի հրամանով, ուստի այստեղ լրացուցիչ ռիսկեր առկա չեն։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը հետևյալն է՝ գովազդի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար հավասար մրցակցային դաշտի ապահովում։ Նախագծի նպատակն է՝ ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտի ապահովում և հնարավորություն առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբեյալ տեղեկատվության տարածման։

Օ․ ՊՈՂՈՍՅԱՆ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ