Գլխավոր էջ Գլխավոր Վիրահատե՞լ, թե՞ բուժել նշիկները․խորհուրդներ բժշկից

Վիրահատե՞լ, թե՞ բուժել նշիկները․խորհուրդներ բժշկից

8921
0

Նշիկների խնդրին բախվում են շատերը, ինչպես մանկական, այնպես էլ հասուն տարիքում։ Մենք ամենատարածված խնդիրներից մեկի մասին զրուցել ենք քիթ-կոկորդ-ականջաբան Նարինե Առուշանյանի հետ։

Քմային նշիկները պաշտպանում են օրգանիզմը ինֆեկցիայից

Նախ նշեմ, որ քմային նշիկները վեցն են և տարբեր։ Դրանք տեղակայված են ըմպանում, կատարում են պաշտպանական ֆունկցիա, ավելին՝ նրանք մարդու իմուն համակարգի մի մասն են: Յուրաքանչյուր մարդու իմունիտետի առանձնահատկություններն ինդիվիդուալ են, բնածին և ունեն ժառանգական նախատրամադրվածություն: Այսպիսով՝ քմային նշիկները լիմֆոիդ գոյացություններ են, հանդիսանում են քմային լիմֆոիդ օղի կարևորագույն մասը: Նրանք նաև գլխավոր իմունային պատնեշն են և պաշտպանում են օրգանիզմը քթով կամ բերանով ներթափանցած ինֆեկցիաներից։

Ոչ առողջ նշիկների ախտանշանները

Ոչ առողջ նշիկներ ասելով բժշկագիտության մեջ հասկանում ենք տոնզիլիտը: Վերջինիս ախտանիշները բազմազան են՝ ունեն տեղային և ընդհանուր դրսևորումներ: Տեղային ախտանշաններն են ցավ կոկորդում, տհաճ հոտ բերանից, կազեոզ խցանների (պինդ սպիտակադեղնավուն արտադրություն) առկայություն նշիկային հյուսվածքում, այտուցի զգացողություն կոկորդում, քոր ըմպանում։ Ընդհանուր ախտանշաններն են`սուբֆեբրիլ ջերմություն, ընդհանուր թուլություն, հոդացավեր: Այս ամենը բնորոշ է խրոնիկական ախտահարմանը, մինչդեռ սուր ախտահարման ժամանակ ախտանշանները բուռն են՝ բարձ ջերմություն, տենդ, այտուց կոկորդում, կլման դժվարացում, գլխացավ և այլն:

Նշիկները հնարավոր է բուժել դեղորայքով 

Նշիկները հնարավոր է բուժել և պարտադիր պետք է բուժել դեղորայքով։ Հաճախ ոչ պատշաճ սուր նշիկաբորբերի բուժումը կամ բուժման բացակայությունն է բերում խրոնիկական տոնզիլիտի, անգամ վիրուսային ծագման սուր նշիկաբորբերը պահանջում են բուժում: Խրոնիկական նշիկաբորբերի մեծ մասը ևս հնարավոր է բուժել դեղորայքով:

Ե՞րբ է ցուցված վիրահատել նշիկները

Նշիկների վիրահատությունը` տոնզիլէկտոմիան ունի հարաբերական և բացարձակ ցուցումներ: Եթե քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից դրվում է խրոնիկական դեկոմպենսացված նշիկաբորբ ախտորոշումը, ապա առողջացման միակ ուղին վիրաբուժականն է: Բացարձակ ցուցումներից է` տարեկան մեկ կամ ավելի անգամ տոնզիլիտի սրացումը, ընդհանուր թուլությունն ու հեռակա բարդությունները՝ հոդերի ախտահարում, սրտի ականների ախտահարում և այլն: Բացարձակ ցուցում կարող է լինել անգամ միակ ախտանշանը`տհաճ հոտը բերանից:

Ցուցումներ և հակացուցումներ․ ե՞րբ պետք չէ վիրահատել նշիկները

Նշիկների վիրահատության տարիքային սահմանափակումը մինչև երեք տարեկանն է։ Նշիկների վիրահատության ցուցումների մեջ տարիքային այլ  սահմանափակում չկա:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ