Գլխավոր էջ Գլխավոր Սրտանոթային հիվանդությունները՝ մահվան հիմնական պատճառ

Սրտանոթային հիվանդությունները՝ մահվան հիմնական պատճառ

318
0

Այսօր Սրտի համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզմանը:Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառը՝ ամեն տարի խլելով 18.6 միլիոն մարդու կյանք: Այս մահերի 85%-ը պայմանավորված է սրտի իշեմիկ հիվանդությունով և ուղեղի անոթային հիվանդություններով: 2021 թվականի տվյալներով` ՀՀ բնակչության յուրաքանչուր երկրորդ մահվան դեպքը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) (48.3%):

Տղամարդկանց շրջանում ՍԱՀ-ից վաղաժամ մահացության ցուցանիշը 2 անգամ բարձր է կանանց համեմատ, որը պայմանավորված է 45-69 տարիքային խմբի տղամարդկանց 60%-ի մոտ առկա ՍԱՀ-ի զարգացմանը նպաստող 3-ից 5 ռիսկային գործոններով (ծխախոտի օգտագործում, զարկերակային բարձր ճնշման առկայություն և դրա կարգավորման թերի վերահսկում, ֆիզիկական թերակտիվություն, անառողջ սննդակարգ, ավելցուկային քաշի և ճարպակալման առկայություն): Ամեն տարի ՀՀ բնակչության շրջանում գրանցվում է ՍԱՀ-ի շուրջ 52 հազար նոր դեպք, ընդհանուր պացիենտների թիվը կազմում է շուրջ 260 հազար: Վերջին 30 տարվա ընթացքում ՍԱՀ-ի տարածվածության և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 1.5 անգամ»,- նշվում է հոդվածում։

Հրապարակման մեջ ասվում է՝ հիվանդացության և մահացության հիմնական պատճառներն են` սրտի իշեմիկ հիվանդությունները, մասնավորապես` սրտամկանի սուր ինֆարկտը, ուղեղանոթային հիվանդությունները, զարկերակային գերճնշումը․ «Սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդացության ու մահացության ցուցանիշների բարելավումը և տնտեսական բեռի նվազեցումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից են»։

Այդ նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր և միջոցառումներ, մասնավորապես` սքրինինգային ծրագիր, որի շրջանակում 35-68 տարեկան բոլոր քաղաքացիներն առաջնային օղակում կարող են անվճար հետազոտվել` զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով եվ այլն։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ