Գլխավոր էջ Գլխավոր Այսօր Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է․ որո՞նք են կատաղության առումով ՀՀ-ում...

Այսօր Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է․ որո՞նք են կատաղության առումով ՀՀ-ում բարձր ռիսկի գոտիները

203
0
Այսօր նշվում է կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրը:
Աշխարհում ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում:
Հայաստանում ևս դեպքերն աճել են. տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 4554 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 4052 դեպք։
Ըստ համաշխարհային ցուցանիշների կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները  համարվում են նաև բուժում, հետևաբար անհրաժեշտ է կենդանիների, հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի կծելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ վերքը մշակելու և համապատասխան պատվաստումներ ստանալու համար:

Հակակատաղության պատվաստումներն իրականացվում են սահմանված կարգով` թույլատրված իմունակենսաբանական պատրաստուկներով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս առիթով մեծապես կարևորում է շների պատվաստումը: Ինչպես նշված է կազմակերպության կայքում, շներին պատվաստելն ամենաէֆեկտիվ միջոցն է՝ նվազեցնելու հիվանդության հավանականությունը, որն ամեն տարի 50.000 մարդու մահվան պատճառ է դառնում: ԱՀԿ-ն նշում է, որ հաճախ երեխաները ծնողներին չեն ասում, որ իրենց շուն է կծել`մտածելով, թե ծնողներն իրենց կպատժեն շների հետ խաղալու համար: Սա, ըստ ԱՀԿ-ի, մեծ պրոբլեմ է, մանավանդ, երբ շունը կատաղությամբ հիվանդ է լինում: Իսկ երբ արդեն երեխայի մոտ առաջ են գալիս հիվանդության նախանշաններ (ջերմություն)` արդեն շատ ուշ է լինում նրա կյանքը փրկելու համար:
Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու և այլնի արդյունքում): Նաև վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում (լորձաթաղանթներով կամ մարդու վնասված մաշկով)։
Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջնում են ջղաձգումներ, լուծանք և կենդանին սատկում է:
Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, վիզը, ձեռքի մատները կծելիս այդ տևողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար):
Հայաստանի Հանրապետությունում կատաղության առումով բարձր ռիսկի գոտիներ են Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ