Գլխավոր էջ Գլխավոր Անհետ կորածներից երկուսը խաղաղ բնակիչ են, ունենք նաև զոհ

Անհետ կորածներից երկուսը խաղաղ բնակիչ են, ունենք նաև զոհ

287
0

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Ինչի արդյունքում ունեցանք զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ։Սեպտեմբերի 14-ին, Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարեց, էական միջադեպեր չարձանագրվեցին։Սակայն ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը շարունակում էր կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ էր բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Որից հետո հայկական կողմն ունեցավ մեկ վիրավոր։

Երկու օր անց, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտեցին հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է: Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։

Նա անդրադարձել է ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց, ինչպես նաև վիրավորներին ու գերիներին։

Վարչապետը տեղեկացրել է, որ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։

ՀՀ նախկի ՄԻՊ Արման Թաթոյանն էլ իր ֆեյբուքյան էջում տեղեկացրել էր, որ «Տելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում չաթ բոթերի միջոցով ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ։

Ստիկերները ստեղծվել են 2022 սեպտեմբերի 14-ին։ Ստեղծվելուց անմիջապես հետո դրանք դարձել են լայն հասանելի՝ ցանկացած անձի հնարավորություն տալով բեռնել և օգտագործել հաղորդակցության ժամանակ։

«Մենք արձանագրել ենք 119 լուսանկար, այսինքն՝ 119 sticker, որը 5 օրում ունեցել է առավել, քան 20,000 ներբեռնում: Այսինքն՝ 20,000 ադրբեջանական օգտատեր ընդամենը 5 օրվա ընթացքում ներբեռնել է լուսանկարները Տելեգրամի իր հաշվին»,-նշել է Թաթոյանը:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ