Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ․ քայլերի ուղեցույց

Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ․ քայլերի ուղեցույց

534
0

Մեդիա կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմակերպվել էր ասուլիս՝ Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ թեմայով։ Բանախոսները ներկայացրին քայլերի հերթականությունը, թե ինչ է պետք անել և ինչպես է պետք պատսպարվել օդային տագնապի ժամանակ։

«Նախ և առաջ օդային տագնապի ժամանակ չպետք է խուճապի մատնվել, պետք է գնահատել իրավիճակը, հասկանալ, որ եթե գտնվում ես տանը, ապա պետք է առաջնորդվել համապատասխան ուղեցույցներով, դրանք են՝ առաջինը հագնվում եք դուք, հագցնում եք Ձեր երեխաներին, եթե ընտանիքում կան ծերեր, ապա օգնում եք հագնվել նաև նրանց։ Շատ կարևոր է, որ տանը առանձին ունենաք առաջին անհրաժեշտության իրեր նախօրոք հավաքած, որի մեջ պետք է լինեն՝ Ձեր փաստաթղթերը, արժեքավոր իրերը, որոշակի քանակությամբ սնունդ և ջուր։ Պետք է անջատել էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը, փակել ջրի ծորակները և ամենակարճ ճանապարհով տեղափոխվել դեպի պաշտպանական կառույց»,- հայտնել է ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը։

Նա նաև նշել է, որ եթե մարդը գտնվում է հասարակական կառույցներում, ապա պետք է հետևել տվյալ կառույցների ուղեցույցներին, քանի որ այդ տարածքներին իրենք ավելի լավ են ծանոթ․«Իսկ եթե ուղեցույցներ չկան՝ պետք չէ խուճապի մատնվել, հնարավորինս կարճ ժամանակահատվածում ընտրեք այդ տարածքում ամենապաշտպանված վայրը և պատսպարվեք։ Եթե օրինակ գտնվում եք հանրախանութում, ապա դրանց մեծ մասն ունեն ստորգետնիա ավտոկայանատեղիներ։ Եթե հայտարարություններ էլ չկան կամ ինչ-ինչ պատճառներով չեն տրվել, հանգիստ դուրս եկեք, մի օգտվեք վերելակներից, աստիճաններով իջեք դեպի ներքնահարկեր։ Այդ տարածքներն իրենց կոնստրուկտիվ առանձնահատկություններով կբացառեն բեկորների և գնդակների ներթափանցումը և կնվազեցնեն հարվածային ալիքի ներգործությունը»։

Կա առանձնացված ուղեցույց նաև հասարակական տրանսպորտի համար։

«Եթե գտնվում եք հասարակական տրանսպորտում՝ մի խոչընդոտեք վարորդի աշխատանքին, երթևեկության կանոնները պահպանելով վարորդը կանգ է առնելու։ Պետք է դուրս գալ հասարակական տրանսպորտից, կողմնորոշվել, գտնել մերձակա պաշտպանական կառույցը և առանց վարանելու ուղևորվել պաշտպանական կառույցում պատսպարվելու։ Եթե այնպիսի իրավիճակում եք, որտեղ չկան պաշտպանական կառույցներ, նորից պետք չէ խուճապի մատնվել, օգտագործեք տարածքի պաշտպանական հատկությունները»,-տեղեկացրել է ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ