Գլխավոր էջ Գլխավոր «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի զննությամբ մի շարք խախտումներ էին հայտնաբերվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի զննությամբ մի շարք խախտումներ էին հայտնաբերվել

196
0

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում («Սուրմալու» առեւտրի կենտրոն) տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրել:

Այս նախագծով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով ֆինանսական աջակցություն տրամադրել զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց:

Ընդ որում` առաջարկվում է սոցիալական աջակցությունը տրամադրել՝

1) վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝

ա. հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով.

բ. հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով․

2) զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով:

Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման պոտենցիալ շահառուներ կլինեն 24 վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք և 17 զոհված անձանց (այդ թվումգտնվելու վայրը անհայտ 1 անձի) ընտանիքներ (ընդհանուր 41 շահառու):

ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 55.650.000 դրամ, այդ թվում՝

17 x 3.000.000 դրամ=51.000.000 դրամ,

17 x 150.000 դրամ=2.550.000 դրամ,

7 x 300.000 դրամ=2.100.000 դրամ:

Հիշեցնենք, որ կիսաքանդ պատի փլուզման հետևանքով կան տուժածներ․

Երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։

Նրանք ունեն սալջարդեր ու քերծվածքներ:

Նշենք, որ դեռևս սեպտեմբերի 2-ին ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունն իրականացրել է Երևանի «Սուրմալու» առևտրի տարածքի զննություն,որի արդյունքում արձանագրվել էր մի շարք խնդիրներ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Շենքը այս կարգավիճակում չպետք է այստեղ մնա, միանշանակ պետք է ապամոնտաժվի։ Նաև 14 մետր շառավղով պետք էր անվտանգության գոտի ստեղծվել այս հատվածում և քաղաքացիների մուտքն ու ելքը արգելել։ Սեյսմիկ ծառայության ամփոփիչ արձանագրությունն ուղարկել ենք չորս գերատեսչության՝ քաղաքապետարան, ոստիկանություն, Քննչական կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե»,– ասել էր նա։

Հայկ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ առևտրի կենտրոնի վնասված շենքի պատի փլուզումից հետո այսօր ԱԻՆ-ը, անվտանգության նորմերից ելնելով, իրականացրել է որոշակի աշխատանքներ և այդքանով ԱԻՆ-ի աշխատանքներն ավարտված են։ Նաև ասաց, որ փլուզման հետևանքով, բացի երեք տուժածներից, նաև երկու ավտոմեքենա է վնասվել։

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ