Օրերս, ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հայտնեց, որ ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են։ Նման զարհուրելի պատկերներով տեսանյութը ակտիվ շրջանառվում էր ադրբեջանական տելեգրամ ալիքներում, որը սակայն հասցրել էին տեսնել նաև մեզ մոտ: Թե որքանո՞վ այն կարող է մարդկանց մոտ հոգեբանական ազդեցություն ունենալ, և թե ի՞նչ հետևանքներ կարող է այն թողնել մարդկանց հոգեվիճակի վրա, խոսել ենք մասնագետի հետ` ստանալու այս և մի շարք այլ, շատերին հուզող հարցերի պատասխանները:
MedMedia.am-ի հետ զրույցում կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյանն ասաց, որ մենք բոլորս պատերազմի մասնակից ենք, անկախ այն բանից տվյալ պահին անմիջապես սահմանին ենք գտնվում, թե պարզապես հետևում ենք կատարվող իրադարձություններին թիկունքում:
«Պատերազմը բոլորիս վրա է ունենում տրավմատիկ ազդեցություն, ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես: Էմոցիոնալ մշտական լարվածությունը, տագնապը անընդհատ ուղեկցում են թիկունքում և կարծես ամեն պահի մի նոր ինֆորմացիայի ենք սպասում: Այդ հարցում մեդիաոլորտն է փորձում ապահովել ինֆորմացիոն հոսքով: Բայց երբեմն աբսուրդի հասնող անադեկվատ ինֆորմացիա է մատուցվում: Սոցհարթակներում նույնպես յուրաքանչյուրն իր պարտքն է համարում որևէ գրառում կատարել, տեսանյութեր և լուսանկարներ տեղադրել՝ հաշվի չառնելով, որ սա ինքնակայացման դաշտ չէ. նման լարված իրադրությունում, ամեն մի բառը, ամեն մի նկարը խորապես ազդեցություն և անդառնալի հետք կարող է թողնել անձի հոգեվիճակի վրա»,- ասաց Տաթև Նահապետյանը։
Հոգեբանի խոսքով՝ ցանկացած սթրեսային իրավիճակում էլ մարդիկ առավել էմոցիոնալ են, կարիք ունեն ուշադրության, իրենց պահանջնումնքերի բավարարման այլընտրանքային ձև են փնտրում: Սակայն չի կարելի սեփական խնդիրները փորձել նման տարբերակով լուծել․ «Ցավոք մեծ թիվ են կազմում խոշտանգումների, զարհուրելի տեսարաններ պարունակող տեսանյութերի և լուսանկարների թիվը: Այդ ամենը խորապես ճնշում է անձի էմոցիոնալ և կամային ոլորտը: Ցանկացած բռնարար իրադարձությունը անսովոր է ոչ թե նրա համար, որ հազվադեպ է պատահում, այլ նրա, որ գերազանցում է մարդկային գոյության սովորական ադապտատիվ հնարավորությունները: Արդեն իսկ խարխլված է մարդկանց անվտանգության և ապահովության բազային պահանջմունքը պատերազմի ընթացքում, նման իրադարձություններին ականատես լինելը կրկնակի ներառում է կյանքի նկատմամբ սպառնալիքը և ֆիզիկական ամբողջականության խախտումը, այն մարդուն կանգնեցնում է էքստրեմալ իրադրության առջև՝ մշտապես անպաշտպանության և պանիկ վախի առկայությամբ»։
Տաթև Նահապետյանն ընդգծեց, որ նման տեսարանների ականատես լինելու դեպքում ակտիվանում է սիմպատիկ նյարդային համակարգը, բարձրանում է ադրենալինի մակարդակը․ «Հաճախ ռիսկային իրադրություններում ընկալումը կարող է ձևափոխվել. այդպիսի իրավիճակներում մարդը կարող է նույնիսկ չզգալ սով, հոգնածություն կամ ցավի զգացողություն ունենալ, կարող է նկատվել սրտխառնոց, գլխապտույտ: Տագնապային ակտիվ ֆոնին, նման վիզուալ պատկերներին ականատես լինելը կարող է մշտական հիպերակտիվություն և քրոնիկ գերգրգռվածություն առաջացնել: Եվ այս ամենը սկսում է քանդել մարդու ինքնապաշտպանական համակարգը, որը նորմալ պայմաններում ինտեգրացված գործում է»,- նշեց հոգեբանը։
Հարցին, թե արդյո՞ք նման տեսանյութերն արվում են, որպեսզի մարդկանց հոգեպես ճնշեն, հոգեբանն ասաց, որ իր կարծիքով՝ այո, քանի որ նման վիզուալ պատկերները ճնշում են մեր էմոցիոնալ և կամային ոլորտը: «Երբեմն տագնապային, խուճապային գրոհները ապատիկ վիճակի են հանգեցնում, դեռեալիզացիայի, անձը չի կարողանում ադեկավտ գնահատել իրավիճակը, կարծես կտրվում է իրականությունից, հետևաբար դեպրեսիվ ֆոնին չի կարողանա ադեկվատ որոշումներ կայացնել, տուժում է մոտիվացիոն բլոկը: Լուրջ խախտումների են ենթարկվում մարդու կյանքի իրադարձություններին հարմարվելու կարողությունը: Խախտվում է ուշադրության կենտրոնացվածության կարողությունը և ի հայտ են գալիս սուր ֆիզիոլոգիական ռեակցիների զարգացում` տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող: Կպչուն մտքերի նման ողջ օրը կարող են ուղեկցել այդ պատկերները և դա չի վերահսկվում մարդու կողմից: Եվ այդ կերպարները առաջացնում են նեյրոֆիզիոլոգիական խանգարումներ, ընդհուպ մինչև հոգեսոմատիկ խնդիրներ, դրանք արտահայտվում են նաև երազներում: Զարհուրելի տեսարանի էպիզոդը պաթոլոգիկ կերպով կոդավորվում է հիշողության մեջ»,-ընդգծեց նա։
Օ․ Պողոսյան