Գլխավոր էջ Գլխավոր «Սուսաննան փոքրիկին թողել ու առաջնագիծ էր գնացել, իր հոգին այնտեղ էր»․ Լուսին...

«Սուսաննան փոքրիկին թողել ու առաջնագիծ էր գնացել, իր հոգին այնտեղ էր»․ Լուսին Ղազարյան

805
0

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսեցին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները։ Ցավոք, ունեցանք զոհեր նաև կանանց շրջանում․

Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը, Գայանե Գևորգի Աբգարյանը չխնայեցին իրենց կյանքը՝ հայրենիքի պաշտպանության և անվտնագության համար։

Սուսաննա Գրիգորյանը նոր չէ, որ մասնակցում էր հայրենիքի պաշտպանական մարտերին։ Նա Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր պայքարում էր մեկ բանի համար՝ հայրենիքի պաշտպանություն և անվտանգություն։

Լուսին Ղազարյան

Medmedia.am-ի հետ զրույցում գրող, լրագրող Լուսին Ղազարյանը, ով նաև2016 թվականի ռազմական գործողությունների մասնակից է և 40 օրից ավել եղել է Արցախում, առաջնագծում, Սուսաննայի ընկերն է, նշեց, որ Սուսաննան եղել է ազնիվ, համարձակ, եթե կռվել է, ապա հանուն սկզբունքի․

«Սուսաննան եղել է հայրենասեր անձնավորություն, առաջին անգամ 21-22 տարեկանում է պատերազմ գնացել, թողնելով փոքրիկ երեխային։ Նա մասնակցել էր նաև ապրիլյան ու 44-օրյա պատերազմին, մասնակցեց նաև վերջին գործողություններին և զոհվեց, նա միշտ ասում էր՝ ես այլ կերպ իմ կյանքը չեմ պատկերացնում, որովհետև իմ կյանքը հայրենիքինն է»,-վերհիշեց մեր զրուցակիցը։

Սուսաննան  հրաշալի երեխաներ և թոռներ ունի, չնայած նրան, որ առողջական լուրջ խնդիր ունեցավ, այդուհանդերձ, գնաց առաջնագիծ ու կռվի իր բաժինը մղեց․

Սուսաննայի տանը

«Նա կաթված էր ստացել, մի կողմի ձեռքը ոտքը չէր աշխատում, այդ ժամանակ շատ քիչ մարդիկ էին իր կողքին, ապրում էր Էջմիածնում, Աշոտ Աղաբաբյանի տրամադրած տան մեջ, անգամ այդ վիճակում ասում էր՝ պատերազմ կգնամ, երբեք պետական աջակցություն չի ունեցել, իր արած գործերի համար երբևէ ոչ ոք իրեն տուն կամ այլ բան չի տվել։ Երբ կաթվածը ստացավ, որոշ մարդկանց աջակցությամբ նա ոտքի ելավ, բայց չէր կարող չգնալ, որովհետև իր հոգին էնտեղ էր։Երբ մահացավ մարտական ընկերներից Ստեփան Ստեփանյանը՝ Ռեմբոն, Սուսաննան ասում էր, որ Եռաբլուրում ուզում է տեղ պահել Ռեմբոյի կողքին, ոչ ոք չէր մտածում, որ դա այդքան շուտ կլինի, Սուսաննան հուղարկավորվեց հենց Եռաբլուրում»,-պատմեց Լուսին Ղազարյանը։

Լուսին Ղազարյանի որդու հետ

Մեր զրուցակիցն ու գործընկերը փաստում է, որ Սուսաննան տեսակ էր, որ շատ քիչ կա մեր օրերում․

«Իր խոսքի, ասելիքի, ներկայության պակասը մենք շատ զգալու ենք, ասում էր այն՝ ինչ մտածում էր, երբեք հակահայ գործողության չէր գնա»,-նշեց Լուսինը ու հավելեց, որ Սուսաննային հիշում է պայծառ ու չքնաղ հայուհի․

Սուսաննա Գրիգորյան

«Սուսաննային որպես պայծառ, չքնաղ հայուհի հիշում եմ նրա 50 ամյակի օրը, հագել էր երեկոյան զգեստ, դիմահարդարվել էր, պատմում էր, թե ինչպե՞ս առաջին անգամ գնաց պատերազմ, ո՞նց է իր երեխեքին ասել, որ ինքը հայրենիքինն է, որ գնում է պատերազմ հանուն իր երեխաների։ Նա իր 50 ամյակը նշեց ազատամարտիկ ընկերների հետ, իր կյանքում եզակի անգամ էր, որ էտպես հանգնվել էր․․․Գեղեցկուհի, չքնաղ կին էր, իր գեղեցկությամբ էլ անմահացավ․․․»,-իր խոսքը սահմանափակեց Լուսին Ղազարյանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ