Գլխավոր էջ Գլխավոր «Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին»․ Էդվարդ Ասրյան

«Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին»․ Էդվարդ Ասրյան

1151
0

Ջերմուկում, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ներկայացրեց տվյալներ, կապված՝ ադրբեջանական ստորաբաժանումների վայրագությունների հետ։ Նա նշեց, որ ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը և մատները։

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա, որոնք իրագործել են մեր մարտական դիրքերում, անգամ կին զինծառայողների նկատմամբ: Այդ նկարները, տեսանյութը իմ հեռախոսում ունեմ, որը նաեւ կարող եմ ցուցադրել: Ես ցույց կտամ այդ տեսահոլովակը, որտեղ բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են, եւ դա վայրագության վերջին աստիճանն է»,-նշել է նա:

Էդվարդ Ասրյանը նաև ներկայացրել է, թե որ ուղղություններով են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք: Ըստ նրա՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի ներթափանցման խորությունը, ինչպես նաև ճակատը կազմում է 8-8.5 կմ: Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է 1-1.5 կմ  խորությամբ, Իշխանասարի ուղղությամբ  0.5 կմ խորությամբ են մխրճվել: Մյուս հատվածներում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել»,- ասել է Ասրյանը:

Նա նաև նշել է, որ ռազմական գործողությունների անմիջական սկզբից մեր ստորաբաժանումները ետ էին մղում հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները․

«Օրվա ընթացքում որոշ ուղղություններում, հաշվի առնելով հակառակորդի ստորաբաժանումների գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր կորցրել ենք և հակառակորդը այդ ճեղքվածներով կարողացել է հարյուրավոր ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը»,-նշել է Էդվարդ Ասրյանը։

Նշենք, որ Ջերմուկում են 30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, որոնք արձանագրում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ