Գլխավոր էջ Գլխավոր Վիրավորների թվի վերաբերյալ տվյալներ չկան

Վիրավորների թվի վերաբերյալ տվյալներ չկան

309
0

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Ինչի արդյունքում հայկական կողմն ունի 105 զոհ և վիրավորներ։ Բայց վիրավորների թվի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն դեռևս չկա։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ, սեպտեմբերի 14-ին, տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին:

Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Իսկ ընդհանուր տեղեկատվություն վիրավորների թվի վերաբերյալ չկա։ Ի դեպ, Մարտունի ԲԿ-ում ևս խուսափեցին պատասխանել վիրավորների վերաբերյալ տվյալներ փոխանցելուց, հորդորելով դիմել Գեղարքունիքի մարզպետարան, իսկ մարզպետարանի քարտուղարն էլ իր հերթին հորդորեց դիմել ՊՆ, քանզի իրենք չեն հայտնի տվյալները, ինչը նման լարված իրավիճակում ճիշտ է։

Ինչ վերաբերում է սահմանային լարված իրավիճակին և բժշկական օգնություն տրամադրելու պատրաստակամությանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ ԱԺ-ում նշել է, որ առողջապահության համակարգը բերվել է ամբողջությամբ պատրաստվածության բարձ աստիճանի։

«Թե՛ մարզային բժշկական կենտրոններում, թե՛ Երևանում ապահովում ենք մեր վիրավորների ամբողջական բժշկական ապահովությունը, ԲԿ-ները համալրվել են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական նշանակության պարագաներով, մասնագիտական թիմերով, շտապօգնության բրիգադներով։ Մենք ակտիվ կապի մեջ ենք միջազգային կազմակերպությունների հետ և հումանիտար աջակցության բոլոր աշխատանքները իրականացվում են համակարգված։ Բոլոր վիրավորները մարզային կենտրոններում ստանում են համապատասխան բժշկական օգնությունը, այնուհետև՝ մեր մասնագիտական թիմերի ցուցումներով տեղափոխվում են Երևանի ԲԿ-ներ, ստանալու ավելի նեղ մասնագիտական և բարձր տեխնոլոգիաներ պահանջող օգնություն։

Նշենք, որ համայնքապետերի հետ զրույցում ևս չէր հաջողվում հասկանալ, թե ո՞ր համայնքում կան վիրավորներ կամ կա՞ն վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում։

Medmedia.am-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքապետարանի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը նշել էր, որ 12․00-ի սահմաններում Վարդենիսում հանգիստ իրավիճակ էր․

Հարցին, թե երեկվանից քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ կա՞ն, Պետրոսյանը նշել էր․

«Ոչ, չենք ունեցել։ Առաջին օրը, որ  բնակավայրերի ուղղությամբ որ կրակոց եղել է, այդ բնակավայրերի կանանց ու երեխաներին տարհանել ենք, իսկ երեկ, բնակավայրերի ուղղությամբ կրակոց չի եղել, դիրքային կրակոցներ են երկար եղել, բայց երեխաներն ու կանայք տարհանված են, ամսի 13-ի գիշերվանից նրանք տարհանված են ու դեռ չեն վերադարձել»,-նշել էր մեր զրուցակիցը։

Նշենք նաև, որ  Ժամը 11:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ