Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում

Ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում

684
0

Ադրբեջանի ՊՆ-ն հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը:

«Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես  արդեն համոզվել ենք, ծառայում են որպես տեղեկատվական հենք Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ Ինչպես նշվել է, այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաեւ ինտենսիվ հրետակոծություն, մասնավորապես, թիրախավորելով Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը:

Երեկվանից ինտենսիվ կրակում էին նաև Վարդենիսի  ուղղությամբ։ Medmedia.am-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքապետարանի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը նշեց, որ 12․00-ի սահմաններում Վարդենիսում հանգիստ իրավիճակ է․

Հարցին, թե երեկվանից քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ կա՞ն, Պետրոսյանը նշեց․

«Ոչ, չենք ունեցել։ Առաջին օրը, որ  բնակավայրերի ուղղությամբ որ կրակոց եղել է, այդ բնակավայրերի կանանց ու երեխաներին տարհանել ենք, իսկ երեկ, բնակավայրերի ուղղությամբ կրակոց չի եղել, դիրքային կրակոցներ են երկար եղել, բայց երեխաներն ու կանայք տարհանված են, ամսի 13-ի գիշերվանից նրանք տարհանված են ու դեռ չեն վերադարձել»,-նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։

Այսօր ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ