Գլխավոր էջ Գլխավոր «Հույս ունեմ, որ գոնե մեկ վայրկյան որդուս կտեսնեմ»․ վիրավոր զինծառայողի մայր

«Հույս ունեմ, որ գոնե մեկ վայրկյան որդուս կտեսնեմ»․ վիրավոր զինծառայողի մայր

462
0

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվեց մինչ առավոտ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտնել է 49 զոհի մասին․

«Այս պահի դրությամբ ՀՀ ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ»,-  հայտարարել է ՀՀ վարչապետը: Նշվում է նաև վիրավորների մասին, բայց հստակ թիվ չի ներկայացվում։

Medmedia.am-ը զրուցել է հոսպիտալի մոտ հավաքված վիրավոր զինծառայողների ծնողների հետ, նրանցից շատերը տեղյակ չէին, թե կոնկրետ ինչ վնասվածք են ստացել իրեց որդիները։

«Դեռ սպասում ենք, առավոտյան 10-ի կողմերն ենք տեղեկացել կատարվածի վերաբերյալ։ Մեր տղան 19 տարեկան է, բժիշկներին չենք տեսել և չենք էլ ուզում խանգարել  նրանց աշխատանքը, վիրահատությունը կվերջացնեն, մեզ կտեղեկացնեն»,-նշեց վիրավոր տղաներից մեկի հայրը, իսկ մայրը նշեց․

«Հույս ունեմ, որ գոնե մի քանի վայրկյան որդուս կտեսնեմ, նա 1 տարի երկու ամսվա ծառայող է, այստեղ են բերել Ջերմուկից»։

Ի դեպ, ոստիկանները լրատվամիջոցների ներկայացուցիչներին անընդհատ հորդորում էին տեսալուսանկարահանումներից խուսափել և հնարավորինս զգոն լինել տեղեկատվություն փոխանցելիս։ Իսկ վիրավորների հարազատները նկարահանվելու ցանկություն առանձնապես չունեին, քանի որ րոպե առ րոպե սպասում էին լուրի, բարի լուրի և բոլորի ցանկությունը մեկն է, լսել, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։

Ի դեպ, կային ծնողներ, ովքեր իրենց որդիներից լուր չունեին,եկել էին զինվորական հոսպիտալի մոտ, մտածելով, որ նրանք կարող են վիրավորների մեջ լինել։ Նշենք, որ զոհերի և վիրավորների անունները դեռևս հստակեցված չէ։

Ծնողներից մեկը նշեց, որ որդու հետ երեկոյան է խոսել ու մինչ հիմա տեղեկություն չունի  նրանից․

«Նստած սպասում ենք զանգի, գոնե իմանանք ինչպես է, եկել էի էստեղ ուղեգիր վերցնելու, գիտեի, որ ինչ որ գործողություններ են ընթանում, բայց չգիտեի, որ այս իրավիճակն է, իմ տղան Գորիսում էր»,-նշեց մեր զրուցակիցը։

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ