Գլխավոր էջ Գլխավոր ՇՄԶ կրեդիտավորումը՝ հարված բժիշկների գրպանին․ ո՞վ է փոխհատուցելու

ՇՄԶ կրեդիտավորումը՝ հարված բժիշկների գրպանին․ ո՞վ է փոխհատուցելու

2167
0

Դեռևս 2016թ-ից էր որոշում կայացվել, որ բժշկից մինչև դեղագործ, բուժքույր ու բուժակ՝ պարտադիր հավաստագրում կանցնեն։ Փոփոխությունների համաձայն՝բժիշկներն ու միջին բուժաշխատողներն ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում պետք է անընդհատ զարգանան՝ ետ չմնալով արդի բժշկագիտական ոլորտի զարգացումներից։

Պահանջի մոտավոր պատկերը հետևյալն էր․ բուժաշխատողները ցանկալի կրեդիտները պետք է ստանան` մասնակցելով գիտաժողովների, վարպետության դասերի, զբաղվելով բժշկագիտական գործունեությամբ` հրատարակելով հոդվածներ, հաճախելով գրադարաններ:

Արդեն իսկ գործում են հարթակներ, որտեղ բժիշկները հնարավորություն ունեն դասախոսություններ կարդալու կամ լսելու, որոնց միջոցով էլ հավաքում են համապատասխան կրեդիտները, բայց այլ հարց է, երբ ՇՄԶ կրեդիտավորման համար անհրաժեշտություն է լինում շաբաթներով մասնակցել դասընթացների և չներկայանալ աշխատավայր։ Ստացվում է՝ կա որոշում և պահանջ բժիշկների նկատմամբ, բայց չկան պահանջներն իրականացնելու գործիքակազմերը։

Օդում են մնացել բազմաթիվ անպատասխան հարցեր․ օրինակ՝ դասընթացներին ու վերապատրաստումներին մասնակցող բժիշկների բացակայություններն արդյո՞ք համարվելու են հարգելի, արդյո՞ք կպահպանվի այն բուժաշխատողի աշխատավարձը, ով ՇՄԶ կրեդիտավորման նպատակով կբացակայի աշխատանքից։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի համահեղինակությամբ նախագծով նախատեսվում է լրացում կատարել Բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասում և ամրագրել, որ ՇՄԶ գործընթացն իրականացնելու ժամանակահատվածում պահպանվում է բուժաշխատողի աշխատատեղը, ինչպես նաև պայամանագրով կամ աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտով նախատեսված աշխատավարձը։

Այս հարցը օրենքով ամրագրված չէր և թողնված էր ԲԿ-ի տնօրենների հայացողությանը։ Օրենքը ընդունելուց հետո, երբ բուժաշխատողը կմասնակցի որևէ գիտաժողովի ՇՄԶ կրեդիտավորման նպատակով և կբացակայի աշխատանքից՝ նա այդ օրերի համար կստանա պայամանագրով կամ աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտով նախատեսված աշխատավարձը, կպահպանվի աշխատատեղը և այլևս չենք ունենա հայեցողական մոտեցում։

Նշենք, որ մինչ առաջարկվող նախագիծը, հարցը կարգավորվում էր փոխադարձ համաձայնության սկզբուքով,այսինքն՝ գործատու-աշխատող փոխհամաձայնությամբ, ինչը շատ դեպքերում կարող էր վտանգի տակ դնել բժշկի աշխատանքային իրավունքները։

«Եթե վիրահատարանի բուժքույրը գնում է վերապատրաստման, բնականաբար այլ բուժքույր է փոխարինելու և մասնակցելու վիրահատությանը և նա ստանում է ոչ թե ֆիքսված, այլ հավելյալ աշխատավարձը, որը գոյանում է հիվանդների վճարումներից։ Էստեղ որևէ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի լինելու, մենք ասում ենք՝ մի՛ խնայեք, գումարը տվեք մարդկանց, որովհետև՝ մարդկանց ստիպում ենք գնալ վերապատրաստման։ Մյուս կողմից էլ կա ԲԿ տնօրեն, ով վերապատրաստման գնացող աշխատակցին ասում է՝ քո հաշվին արձակուրդ գրի, քո հաշվին արձակուրդ ձևակերպի, սրա վերացման մասին է խոսքը, նախագիծը սրա մասին է։ Խոսքը միայն պայմանագրով ֆիքսված աշխատավարձի մասին է»,-նշել է Նարեկ Զեյնալյանը։

Նշենք նաև, որ կրեդիտների հավաքագրումն էլ անվճար չէ բժշկի համար, նա դասընթացներին ու սեմինարներին մասնակցելու համար վճարում է սեփական գրպանից։ Ստացվում է, որ ՇՄԶ կրեդիտավորման գործընթացը ֆինանսական բեռ է դառնում հենց բժշկի համար, ում աշխատավարձն առանց այդ էլ հարվածի տակ է։

Իսկ եթե աշխատողն ու գործատուն համաձայնության չգան․ այս հարցի պատասխանը թերևս չկա։ Ինչ է ստացվում, բժիշկը կամ բուժքույրը կկորցնե՞ն աշխատանքը։

Ստացվում է որ բուժաշխատողը ամսվա ընթացքում ստիպված է լինելու բացակայելու, չվճարվելու և իր գրպանից է վճարելու կրեդիտների համար։ Մնում է հետևել ու հասկանալ, թե սույն հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագիծը ինչ ճակատագիր կունենա և այս ամենի ֆոնին որքանո՞վ կպաշտպանվի բուժաշխատողի աշխատանքային իրավունքները։

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ