Գլխավոր էջ Գլխավոր ՇՄԶ ԿՐԵԴԻՏՆԵՐ․ բուժաշխատողի բացակայության դեպքում աշխատավարձերը, աշխատատեղերը կպահպանվե՞ն

ՇՄԶ ԿՐԵԴԻՏՆԵՐ․ բուժաշխատողի բացակայության դեպքում աշխատավարձերը, աշխատատեղերը կպահպանվե՞ն

760
0

Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում իրականացված փոփոխությունների և լրացումների (ուժի մեջ է մտել 2016թ. մայիսի 4-ին) ՀՀ օրենքով սահմանվեց ավագ և միջին բուժաշխատողների համար հավաստագրում անցնելու պահանջ։ Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ)կրեդիտները պայմանական բալեր են, որոնք տրվելու են բուժաշխատողներին այս կամ այն միջոցառմանը մասնակցելու համար: Մեկ կրեդիտը հավասար է մեկ ժամ գիտակրթական ակտիվության։

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի հերթական նիստում:

Նիստի ընթացքում նախագծի համահեղինակ Լուսինե Բադալյանը նշեց, որ նախագիծը մշակել են մի քանի դիմում-բողոքների հիման վրա: «Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորումը պարտադիր պայման է բուժաշխատողի համար: Բայց եղել են դեպքեր, որ գործատուները խնդիրներ են ստեղծել: Այսինքն՝ բուժաշխատողը գործունեությունը շարունակելու համար պարտավոր է հավաքել որոշակի կրեդիտներ, ինչի համար պետք է բացակայի աշխատանքից, մասնակցի տարբեր միջոցառումներին:Մենք նախագծով լրացում ենք կատարում՝ սահմանելով, որ շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաև աշխատավարձը»։

Նշենք, որ շատ բուժաշխատողների կողմից բազմիցս հնչեցվում էր մահոգություն՝ ՇՄԶ կրեդիտավորման գործընթացն իրականացնելու համար բացակայության դեպքում բուժաշխատողի աշխատատեղն ու աշխատավարձը կպահպանվե՞ն, թե՞ ոչ։

Իսկ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ բժիշկների համար նվազագույն կրեդիտների քանակը 220 է, բուժքույրերի համար՝ 140:«Բժիշկներ կան, որ ունեն 500 և ավելի կրեդիտներ: Եթե բուժաշխատողները պարտադիր կրեդիտավորումից ավելի կրեդիտներ են ուզում հավաքել, արդեն պետք է համաձայնության գան գործատուի հետ: Հիմա բուժհիմնարկի տնօրենի բարեհաճությունից է կախված՝ կթողնի՞ իր աշխատողները կրեդիտավորման համար բացակայեն, թե՞ ոչ»,- նշեց Զեյնալյանը։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հեղինակներին առաջարկել է շրջանառությունից հանել նախագիծը և վերստին քննարկել այն: Հեղինակներն էլ չեն ընդունել Կառավարության այս առաջարկը: Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ