Գլխավոր էջ Գլխավոր Դասերի վերսկսմանը զուգահեռ հնարավո՞ր է աղիքային հիվանդությունների սրացում

Դասերի վերսկսմանը զուգահեռ հնարավո՞ր է աղիքային հիվանդությունների սրացում

349
0

Արդեն տևական ժամանակ է ինչ լուրեր են շրջանառվում այն մասին,որ հատկապես երեխաների շրջանում աղիքային խնդիրներ են տարածված։ Բնորոշ ախտանիշն է լուծը։ Դեռևս ամռան ամիսներին խոսակցություն էր շրջանառվում այն մասին, թե վարակի աղբյուր կարող է հանդիսանալ խմելու ջուրը, բայց պաշտոնական մեկնաբանություն այս մասին չեղավ։

Նշենք, որ խնդրին անդրադարձել էր նաև ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ով նշել էր, թե անհանգստանալու կարիք չկա, արտառոց իրավիճակ չկա:

«Ասեմ, որ աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնն է: Այսպիսի ակտիվացումը բնորոշ է սեզոնին: Դա հիմնականում պայմանավորված է հանգստի սեզոնով, ճանապարհորդություններով, լողավազաններում լողալով, դրսում սնվելով և այլն: Հիմնականում տարածված են էնետերովիրուսներ, ռոտավիրուսներ: Կրկնում եմ բռնկումներ չունենք, արտառոց ակտիվացում չկա»,-ասել է Գայանե Սահակյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե դա կարո՞ղ է կապ ունենալ խմելու ջրի հետ, նա նշել էր, որ իրենք կատարել են որոշակի կետերում մոնիթորինգ և չունեն ջրի որակական որևէ փոփոխություն:

ՀՀ Առողջապահության նախարարության տարածած տեսանյութում ևս նշվում է, որ Հանրապետությունում պարբերաբար իրականացվում է ջրի նմուշառումներ և լաբորատոր փորձաքննություններ, որոնց արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, ամռան ամիսներին ջրային գործոնով պայմանավորված բռնկումներ չեն արձանագրվել։

ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ  վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ Ներսես Գրիգորյանի գնահատականներով օգոստոսին աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկման ալիք չենք ունեցել, իսկ հուլիսին եղել է երեք բռնկում, որոնք սննդային գործոնով են պայմանավորված եղել։Ներսես Գրիգորյանի հավաստմամբ, եթե քաղաքացիները նկատում են խմելու ջրի գույնի, հոտի, որակի փոփոխություն, ապա հարկավոր է օգտագործելուց առաջ այն եռացնել․

«Հատկապես պետք է խուսափել երեխաներին նման ջուր տալուց, որովհետև աղիքային հիվանդությունների առումով առավել խոցելի են հենց երեխաներն ու տարեցները։ Հարկավոր է նաև հոսող ջրի տակ պտուղ բանջարեղենը լավ լվանալ, պետք է խուսափել փողոցային առևտրից օգտվել, այս սննդամթերքը շատ դեպքերում չունեն համապատասխան պահպանման պայմաններ»,-նշել է Գրիգորյանը։

Դասերի վերսկսմանը զուգահեռ մասնագետները հորդորում են հատկապես ուշադիր լինել տրվող սնունդին,դրա ճիշտ չկազմակերպման հետևանքով՝ երեխաների շրջանում կարող են աղիքային հիվանդությունների բռնկումներ լինել։

Նշենք, որ աղիքային հիվանդությունների բռնկման ախտանիշներն են՝ լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ