Գլխավոր էջ Գլխավոր Սեպտեմբերի մեկ՝ ճանաչելով երեխայի հնարավորություններն ու առանձնահատկությունները

Սեպտեմբերի մեկ՝ ճանաչելով երեխայի հնարավորություններն ու առանձնահատկությունները

1617
0

Այսօր սեպտեմբերի 1-ն և մեկնակում է նոր ուսումնական տարին։ Մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանի հետ խոսել ենք, թե ինչպես պետք է նախապատրաստել երեխաներին դպրոց գնալուն, ինչպես ճիշտ կազմակերպել նրանց դասապատրաստումը, ինչպես նաև խոսել ենք ծնողների հիմնական սխալների մասին։

Սեպտեմբերին պետք է նախապես պատրաստվել

Ընդունված է համարել, որ ուսումնական տարին պետք է տոն լինի ինչպես առաջին դասարանցիների, այնպես էլ՝ ավելի բարձր դասարանների աշակերտների համար։ Սակայն երբեմն շատ տարբեր իրավիճակներով պայմանավորված, տոնի զգացողությունը մի փոքր մեղմվում է, և չի ունենում այն հիմնական բովանդակությունը ինչ որ մենք ցանկանում ենք։ Ինչո՞ւ, որովհետև մենք նախապես չենք սկսում պատրաստվել սեպտեմբերին։ Մենք դա անում ենք վերջին օրերին, վերջին շաբաթներին։ Ի դեպ, պատրաստվել չի նշանակում գրենական պիտույքների կամ համապատասխան հագուստի գնումը, այլ՝ օրվա ռեժիմի կարգավորումը, քնի և արթնանալու ժամի կարգավորումը, ինչպես նաև՝ ընդհանուր օրը կազմակերպելը։ Ցավոք, բայց այս բոլոր կողմերին մենք համարժեք ուշադրություն չենք հատկացնում։

Ինչո՞ւ և ինչպե՞ս  ճիշտ պատրաստվել սեպտեմբերին

Բայց երբեք ուշ չէ և առաջին մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է, դա  կարգավորել և ունենալ, այսինքն՝ քնել համապատասխան ժամին, արթնանալ համապատասխան ժամին, օրվա ընթացքում ունենալ որոշակի դադարներ, որոշակի հանգստացնող վիճակներ, որպեսզի երեխան կարողանա ուսումնական նյուրթի հետ զուգահեռ նաև հարմարվել նոր իրականությանը, նոր փոփոխություններին։

Պետք է ճանաչել երեխայի հնարավորություններն ու  առանձնահատկությունները   

Իհարկե, երեխաների մոտ դպրոց հաճախելը առաջին հերթին ասոցացվում է գիտելիքների, ինչպես նաև դասապրոցեսի հետ։ Երեխաները, բնականաբար, սա այնքան էլ չեն սիրում և հատկապես դասերի մեծ ծավալը անընդունելի է նրանց համար։ Մինչդեռ ծնողների համար կարևորն այն է, որ բոլոր դասերը ժամանակին պատրաստված, կատարված լինեն և չառաջանան դժվարություններ կամ խնդիրներ։ Նմանատիպ պրոցեսներից, վիճակներից խուսափելու համար շատ կարևոր է, որպեսզի բոլոր տարիքային փուլերում, մենք իսկապես ճանաչենք ու հասկանանք մեր երեխայի հնարավորությունները, առանձնահատկությունները։ Հարկ եմ համարում նաև նշել, որ դասը որպես պրոցես չպետք է վերածվի պատժի, սահմանափակման, կամ մի բանի, ինչից հետո ինչ -որ բաներ լինելու կամ չեն լինելու։ Շատ կարևոր է որպեսզի մենք կարողանանք դասապրոցեսի ծավալը բաժանել տարբեր մասերի, որպեսզի երեխան կարողանա դա անել։ Գուցե երեխան քիչ կատարի, բայց հասկանալով, ըմբռնելով այն ամենը ինչը նրան հանձնարարվել է։ Հաճախ հատկապես տարրական դպրոցում ունենում ենք նման իրավիճակ, երբ ծնողները երեխաների փոխարեն անում են դասերը, իսկ երեխան չի հասկանում և չի յուրացնում նյութը։

Կրթությունը կարևոր է միշտ

Բոլոր ժամանակներում կրթությունը միշտ կարևորվել և առաջնահերթություն է դիտարկվել։ Ծնողները միշտ փորձում են անել ամենը, որպեսզի երեխաները ստանան լավագույն կրթություն, որպեսզի նաև իրենց ապագան կառուցեն ստացած կրթության հիման վրա։ Սակայն շատ կարևոր է ուշադրություն դարձնել նրան, որ ծնող- երեխա հարաբերությունները չտուժեն, իսկ կրթությունը ծնողների և երեխաների համար դառնա հնարավորությունների, նորարարության և ինչու ոչ՝ ճիշտ ճանապարհ ընտրելու ուղղի։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ