Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չնայած պատվաստումներին՝ աշունը բռնկում է խոստանում

Չնայած պատվաստումներին՝ աշունը բռնկում է խոստանում

344
0

Թվում է՝ կորոնավիրուսային հիվանդությանը հրաժեշտ տալու ժամանակն է, բայց իրականում առողջապահական ոլորտի ներկայացուցիչներն այլ բան են պնդում։ Սեպտեմբեր ամսվա երկրորդ կեսին կանխատեսվում է կորոնավիրուսային հիվանդության սրացում։

«Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Եվրոպայում համաճարակի սկզբից կհաստատվի կորոնավիրուսային վարակի 250 միլիոն դեպք»,-այս մասին  ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն։

Ըստ նրա՝ դեպքերի առավելագույն աճը սպասվում է աշնանը և անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ներկա համաճարակաբանական իրավիճակին և խոցելի խմբերին ապահովել դեղերի հասանելիություն։

«Մենք մեծ հաջողություններ ենք գրանցել համաճարակի դեմ պայքարում։ Բայց վիրուսը դեռ լայնորեն շրջանառվում է, այն դեռ հայտնվում է հիվանդանոցներում, այն դեռ շատ կանխարգելելի մահեր է առաջացնում՝ մոտ 3000 միայն վերջին շաբաթվա ընթացքում, ինչը աշխարհում գրանցված ընդհանուրի մոտ մեկ երրորդն է: Աշնան և ձմռան մոտենալուն պես մենք ակնկալում ենք հիվանդացության աճ՝ Եվրոպայում սեզոնային գրիպի երկրորդ բռնկումով կամ առանց դրա», — ասել է Կլյուգը մամուլի ասուլիսի ժամանակ, մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հանս Կլյուգեն նաև նշել է, որ չնայած աշխարհի տարբեր երկրներում զանգվածային պատվաստումների ներդրմանը, Եվրոպայում միլիոնավոր մարդիկ մնում են չպատվաստված։ Նրա խոսքով, անհրաժեշտ է շտկել այս իրավիճակը, ինչպես նաև վերապատվաստել բնակչության խոցելի խմբերին, այդ թվում՝ տարեցներին և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց։

Ի դեպ, պատվաստման ցուցանիշները գոհացնող չէ նաև Հայաստանում։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի հավաստմամբ՝ հատկապես խթանիչ դեղաչափեր ստացած քաղաքացիների թիվը մեծ չէ․

«Մեծահասակ բնակչության մոտ 51 տոկոսն է ստացել առաջին դեղափաչ, 46 տոկոսը՝ երկրորդ դեղաչափ, իսկ 3․1 տոկոսը՝ խթանիչ դեղաչափ։ Վերջինս շատ մտահոգիչ է, վերջին 7-8 ամսվա ընթացքում պատվաստումային գործընթացը պասիվացել է, բավականին ժամանակ է անցել վերջին դեղաչափից հետո, և օրգանիզմն արդեն պատրաստ չէ դիմակայել հաջորդ վիրուսի գրոհին»,-նշել է Գայանե Սահակյանը, հավելելով, որ բուստեր դեղաչափը բավականին կարևոր է օրգանիզմի իմունիտետի համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-28-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 նոր դեպք, կատարվել է 6131 թեստավորում: Առողջացել է 1788 բուժառու, արձանագրվել է մահվան 7 դեպք:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ