Գլխավոր էջ Գլխավոր ՀԵՏԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՍԹՐԵՍ․ կարո՞ղ է մայրը չսիրել, չհոգալ ու չկերակրել նորածնին

ՀԵՏԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՍԹՐԵՍ․ կարո՞ղ է մայրը չսիրել, չհոգալ ու չկերակրել նորածնին

285
0

Medmedia.am-ի զրուցակիցն է կլինիկական հոգեբան Տաթևիկ Նահապետյանը։

Ինչու՞ են կանայք հաճախ, ծննդաբերությունից հետո հոգեպես անհավասարակշիռ և սթրեսային վիճակում հայտնվում։

Տաթևիկ Նահապետյան- Երեխայի ծնունդը ամենաերջանիկ պահերից է ընտանիքում: Հղիություն, ծննդաբերություն և թվում է՝ ամեն բան ավարտվել է, սակայն երեխայի ծնունդից հետո հնարավոր է նոր սթրեսային փուլ՝ բավական խորքային արտահայտումներով: Սակայն ծննդաբերությունից հետո սկսվում է նոր իրականություն: Երեխայի ծնունդից հետո ընտանիքում էմոցիոնալ փոփոխությունները բնական են, թե՛ մայրը, թե՛ հայրը ունենում են տրամադրության տատանումներ, արժեքների փոփոխություններ, հաճախ ունեցած համոզմունքներն են գլուխ բարձրացնում, մտածողության որոշակի փոփոխություններ: Մայրիկներին առավել բնորոշ տրամադրության փոփոխությունները, ինչը անվանում են baby blues, բնական են, երբ հորմոնալ որոշակի փոփոխություններ են նկատվում, այդ դեպքում հնարավոր են քնի խանգարումներ, ախորժակի բացակայություն, թախծոտ վիճակ, դյուրագրգռություն, իսկ ընտանիքի անդամների, ամուսնու աջակցությունը կօգնեն, որպեսզի մայրը դուրս գա նման վիճակից: Սա իհարկե, դեպրեսիան չէ, ինչը շատ հաճախ որակում են սթրեսային վիճակներին: Սակայն, երբ էմոցիոնալ տատանումները, տրամադրության կտրուկ փոփոխությունները, մոտիվացիայի բացակայությունը, անհետաքրքրությունը ամեն բանի նկատմամբ, մեկուսացվածության ձգտումը, կոմունիկացիայից խուսափումը, անտարբերությունը արժեքների նկատմամբ, նույնիսկ երեխայի նկատմամբ սրվում է մոտ չորս շաբաթ, արդեն այստեղ կարող ենք ախտորոշել հետծննդաբերական դեպրեսիա: Եվ շատ կարևոր է տարբերակել դեպրեսիա ասվածը, քանի որ գրեթե մեծամասամբ մայրիկներն ունենում են նման զգացողություններ ծննդաբերելուց հետո, չխառնենք դեպրեսիա ասվածի հետ: Դրանք անցողիկ են, ինքնուրույն և աջակցությամբ հաղթահարվում են, իսկ դեպրեսիան՝ ընդհակառակը, խորանում է և առանց մասնագիտական օգնության հաճախ հնարավոր չի լինում դուրս գալ:

 Ինչպե՞ս է արտահայտվում հետծննդաբերական սթրեսը:

Տաթևիկ Նահապետյան-Հետծննդաբերական սթրեսին առավել բնորոշ է baby blue փուլը, իսկ արդեն ախտորոշված հետծննաբերական դեպրեսիան կամ պոստնատալ դեպրեսիան ունի իր հստակ սիմպտոմատիկան: Դա նույնն է ինչպես դեպրեսիայի հիմնական կլինիկական դրսևորումները՝ ֆիզիոլոգիական, իմացական և էմոցիոնալ դաշտում: Դա պարզապես տրամադրության անկումը չէ, ինչը հաճախ կարծրատիպային անվանում են դեպրեսիա: Նյարդային դյուրագրգիռ վիճակ, լաց, ագրեսիա՝ ինչպես թաքնված, այնպես էլ ուղղված արտաքին աշխարհին, տագնապներ, հուսահատություն, ուշադրության բևեռացում, հիշողության վատթարացում: Դեպրեսիա ունեցող մայրիկները խոցելի են, հաճախ սոմատիկ դրսևորումներ են ունենում՝ ուժեղ սրտխփոց, դող, քրտնարտադրություն: Ամենաարտահայտիչ սիմպտոմը՝ Մոտիվացիայի բացակայությունն է, ինչպես աշխարհի նկատմամբ, սիրելի զբաղմունքների, սիրելի մարդկանց, այդ թվում և նորածին երեխայի նկատմամբ: Հետծննդաբերական դեպրեսիան կարող է դրսևորվել նաև ախորժակի բացակայությամբ, կամ էլ շատակերությամբ, քնի խանգարումներով և կպչուն մտքերով: Կպչուն մտքերը կարող են կապված լինել, ինչպես առհասարակ շրջապատի նկատմամբ, օրինակ՝ մաքրության վրա ֆիքսվածություն,կամ կենտրոնացում երեխայի վրա, օրինակ՝ մայրը չի կարողանում ես-ը առանձնացնել երեխայից: Հղիության շրջանում սիմբիոտիկ կապվածութունը ուժեղ է և ծննդաբերությունից հետո մայրը չի գիտակցում, որ երեխան առանձին էակ է, և այդ «բաժանումը» չգիտակցելը նույնպես բերում է ներքին կոնֆլիկտի, ինչն էլ կարող է դեպրեսիայի ևս մեկ առաջացման պատճառ հանդիսանալ: Դեպրեսիայի հերթական դրևորումներից է մեղադրանքը, ամուսնուն, երեխային, ինչը հաճախ կարող է սկիզբ առնել անգամ հղիության շրջանում, պրենատալ շրջանում ենթագիտակցական մտքեր՝ օրինակ, «Հիմա չէի ցանկանում երեխա ունենալ», կամ «Քո պատճառով կկորցնեմ աշխատանքս, կկորցնեմ արտաքին գրավչությունս» և այլն, իսկ այդ ենթագիտակցական մտքերը առաջացնում են ատելություն երեխայի նկատմամբ, որն էլ դրսևորվում է դեպրեսիվ որոշակի զգացողություններով:

 Այս փուլում կարո՞ղ է մայրը՝ մայրական զգացմունքներ չունենալ, չմոտենալ և չհոգալ երեխայի մասին։

Տաթևիկ Նահապետյան-Այո, իհարկե և հենց հետծննդաբերական դեպրեսիայի առաջնային ախտանիշներից է այն համարվում: Հաճախ մայրը երեխային տեսնել չի ցանկանում, նույնիսկ դեպքեր են եղել, երբ փորձել են ազատվել երեխայից, չեն կերակրել, չեն խնամել, դատարկության զգացում են ունեցել: Հիմնականում դա պիտակավորվում է, որպես «վատ մայր», սա էլ ավելի է խորացնում մոր վիճակը, առաջացնում ներքին հակասություններ, ինքնամեղադրանք և միանշանակ բախվում ենք լուրջ հոգեբանական խնդիրների: Ծանր դեպքերում կարող է հանգեցնել նաև սուիցիդալ մտքերի, ինքնավնասման, չկառավորվող, անվերահսկելի գործողությունների սեփական անձի և երեխայի նկատմամբ: Սակայն հարկավոր է գիտակցել, որ սա հենց լուրջ ահազանգ է, որ մայրը կարիք ունի օգնության: Իր վարքագիծը գիտակցված չէ և չի վերահսկվում:

Ո՞վ պետք է օգնի կնոջը և ինչպես։

Տաթևիկ Նահապետյան-Սթրեսային փուլում միանշանակ ընտանիքի, հարազատների ու մասնավորապես ամուսնու աջակցությունն է առաջնային: Եվ հենց նրանց օգնությամբ էլ մայրիկը կկարողանա դուրս գալ այդ վիճակից: Շատ կարևոր է նաև սեփական անձին հատկացված ժամանակը, գնալ զբոսանքի (լավ կլինի միայնակ, կամ ամուսնու հետ, ոչ՝ երեխայի), շփվել ընկերների հետ, սեփական գրավչության մասին հոգ տանել, ինչի արդյունքում ինքնագնահատականը չի ընկնի: Օրվա ռացիոն մշակել, վերանայել արժեքները: Անպայման օրվա ընթացքում որևէ փոքրիկ, բայց մի նոր բան ներառել կյանք: Բայց արդեն խորացված դեպրեսիայի դեպքում անմիջապես դիմել հոգեբանի: Երբ չորս շաբաթ և ավել նման դրսևորումները գնալով խորանում են, ապա դա արդեն իսկ դեպրեսիա է և խնդիրը չլուծելու դեպքում կարող է հանգեցնել հոգեսոմատիկ դրսևրումների, ընդհուպ մինչև պսիխոտիկ վիճակի: Հաճախ պիտակներից խուսափելու համար չեն դիմում մասնագետի, չէ՞ որ կա համոզմունք, որ երեխա ունենալը մի մեծ բերկրանք է, բայց եթե մայրը ունենում է բացասական տրամադրվածություն, արդեն իսկ ունենում է ամոթի զգացում և չի դիմում մասնագետի, ինչն էլ հետագայում ավելի խորացնում է վիճակը: Եվ չմոռանանք, որ մայրիկի վիճակն էլ իր հերթին ազդում է երեխայի վրա, և որպեսզի մայր- երեխա էմոցիոնալ կապը չխաթարվի, ունենանք առողջ մայրիկ և երեխա, զերծ մնանք բոլոր կարծրատիպերից և դիմենք մասնագետին՝ անհրաժեշտ օգնությունը ստանալու համար:

Ե՞րբ է վերականգնվում կինը։

Տաթևիկ Նահապետյան-Կախված, թե ո՞ր փուլում է գտնվում և ինչպես են դրսևորվում սիմպտոմները: Առաջնային սթրեսային վիճակը կարող է տևել մաքսիմալ՝ 14-21 օր: Բայց երբ արդեն ունենք դեպրեսիա, այն միայն խորանալու միտում ունի, և եթե չկանխարգելվի, ապա ամիսներ կարող է տևել, իսկ վերականգնումն էլ լինի թվացյալ ու մակերեսային, հետագայում անգամ չնչին սթրեսային վիճակից պայթյունի նման կրկնվի:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ