Գլխավոր էջ Գլխավոր Ամռան ամիսներին երեխաների սնունդը․ խորհուրդներ մանկաբույժից 

Ամռան ամիսներին երեխաների սնունդը․ խորհուրդներ մանկաբույժից 

792
0
Ամռան ամիսներին առանձնակի կարևոր է ուշադիր լինել երեխաների սննդակագին՝ նախ, որպեսզի երեխաներն առողջ սնվեն, ինչպես նաև որպեսզի խուսափեն սննդային թունավորումներից։ Մենք զրուցել ենք մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանի հետ։ Պարզել ենք, թե ինչպես պետք է սնվեն երեխաներն ամռան ամիսներին, ինչ ուտեն, ինչ քանակի և ինչ բացառեն։
Առողջ սնունդ տարվա բոլոր եղանակներին
Անկախ տարվա եղանակից երեխաները պետք է սնվեն բալանսավորված, ռացիոնալ։ Նրանք պետք է ստանան սննդային բոլոր բաղադրամասերը՝ սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամիններ, մինիրալներ։ Ամռան ամիսներին հաշվի առնելով շոգ եղանակը պետք է հատուկ ուշադրություն դարձնել հեղուկների ճիշտ ընդունմանը, քանի որ երեխաները կարող են ավելի շուտ ջրազրկվել քան մեծահասակները նաև հատուկ ուշադրություն դարձնել սննդային անվտանգության հարցերին։ Երեխաներն ավելի շատ հեղուկ են կորցնում քրտնելու, շնչելու միջոցով, քան մեծահասակները, ուստի շոգ եղանակին հեղուկի օգտագործումը խիստ կարևոր է։ Նշեմ, որ հեղուկների լրացուցիչ աղբյուր են հանդիսանում մրգերը, բանջարեղենը, ուստի նրանց օգտագործումը սննդակարգում ավելի է խրախուսվում ամռան եղանակին, տաք օրերին։
Սննդային անվտանգություն
Ինչ վերաբերվում է սննդային անվտանգությանը, ապա երեխայի համար պատրաստված ճաշիկը, որը նա պետք է նորից ուտի՝ անհրաժեշտ է պահել սառնարանում։ Հատկապես կաթնամթերքում և մսամթերքիներում տաք եղանակին կարող են շատ արագ բազմանալ զանազան մանրէներ, ուստի սառնարանում պահելը խիստ կարևոր է։
Որ մթերքները բացառել
Անկախ տարվա եղանակից սնունդը պետք է լինի բալանսավորված, ռացիոնալ, պետք է պարունակի սննդային բոլոր բաղադրիչները։ Իհարկե, խորհուրդ չենք տալիս քաղցրի չարաշահումը, ինչպես նաև վերամշակած մթերքների օգտագործումը։ Ոչ ճիշտ կամ լավ ջերմային մշակման ենթարկված մթերքների օգտագործումը ևս չի խրախուսվում, հատկապես այն պարագայում, երբ հստակ չգիտենք պահպանման պայմանները եղել են ապահովված է, թե ոչ։ Օրինակ՝ կոնկրետ մթերքը որքան ժամանակ է մնացել դրսում, տաք եղանակին, ինչը իր հերթին կբերի մանրէների բազմացմանը այդ սննդամթերքի վրա։
Պաղպաղակ
Պաղպաղակը մեր երեխաները հանգիստ կարող են օգտագործել, իհարկե նորից պետք է հաշվի առնելով շաքարի բարձր պարունակությունը, ինչպես նաև նկատի ունենանք, որ այն կաթնամթերք է և այնտեղ մանրէների բազմանալու ավելի մեծ ռիսկ կա։ Այսինքն՝ խորհուրդ է տրվում միշտ նայել պիտանելիության ժամկետին, օգտագործել սառնարանից հանելուց անմիջապես հետո, եթե այդ պայմանները պահպանվեն՝ ապա պաղպաղակի օգտագործումը երեխաների շրջանում  թույլատրելի է։
Գազավարված և բնական հյութեր
Գազավորված կամ բնական հյութերը իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչը կարող է այլ խնդիրներ պատճառ հանդիսանալ, հատկապես, եթե երեխան այն չարաշահում է։ Խնդիրները կարող են ի հայտ գալ ինչպես փոքր տարքում, այնպես էլ՝ ապագայում։ Շաքարի չարաշահման հետևանքով առաջացած խնդիրները հայտնի են՝ ճարպակալում, զարկերակային ճնշում, շաքարային դիաբետ և այլն։ Սրանք բոլորը ցանկալի վիճակներ չեն։ Եվ հաճախ՝ ավելի փոքր տարիքում այդ մթերքների չարաշահումը բերում է նման երևույթների զարգացման։ Եվ պարզ է, որ այդ մթերքների չարաշահումը ավելի մեծ տարիքում ևս ցանկալի չէ։ Հավելելով, ուզում եմ նշել, որ ծարավը հագեցնելու միակ, լավագույն ձևը ջրի օգտագործումն է։ Երեխաների շրջանում ջրի օգտագործամ կարևորության մասին կարող եք կարդալ այստեղ։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ