Գլխավոր էջ Գլխավոր «14 օր հետո մենք կունենանք կորոնավիրուսի նոր դեպքերի աճ»․ Գայանե Սահակյան

«14 օր հետո մենք կունենանք կորոնավիրուսի նոր դեպքերի աճ»․ Գայանե Սահակյան

354
0

Ինչպիսի՞ն է երկրում համաճարակային իրավիճակը, արդյո՞ք ունենք քովիդ 19-ի դեպքերի աճ, Medmedia.am-ի հետ զրույցում  Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշել է, որ կանխատեսվում է համավարակի սրացում։

«Մենք կանխատեսում ենք որ համաճարակային վիճակն ավելի կսրանա, հատկապես կրթական գործընթացի սկսվելուն զուգահեռ։ Ակնկալում ենք, որ 14 օր հետո, մենք կունենանք նոր դեպքերի աճ, որովհետև շփումներն են ավելանում, այդպիսով վիրուսին հնարավորություն ենք տալիս տարածվելու»,-նշել է նա։

Գայանե Սահակյանի գնահատականներով՝ համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն է, վերջին շաբաթվա ընթացքում ավելի շատ դեպքեր գրանցվել են Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, ՌԴ-ում, Իրանում, Թուրքիայում։

«Մեր երկրում վերջին 14 օրվա ընթացքում նոր դեպքերը նախորդ շաբաթների համեմատ աճել են 13 տոկոսով։ Ամբողջ աշխարհում է քովիդ թվերը աճում, այսպես ասած՝ հաջորդ ալիքն է։ Կորոնավիրուսի ակտիվացման պատճառը ոչ միայն պատվաստումների ցածր ցուցանիշն է, այլև՝  մուտացիաները։ Ինչպես գիտենք վիրուսը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել և վերջին մուտացիան Օմիկրոն տարատեսակինն էր։ Այսօր առավել շատ տարածված է BA4 BA5 ենթատեսակները։ Հայաստանում Օմիկրոնի հենց այդ ենթատեսակներն է այսօր շրջանառվում»,-հավելել է մեր զրուցակիցը։

Ըստ տիկին Սահակյանի՝ վերջին 7 օրվա կտրվածքով, երբ համեմատություն ենք կատարում, 2124 նոր դեպք է գրանցվել նախորդ ժամանակահատվածի 1913-ի փոխարեն, այսինքն՝ նոր դեպքերի 11 տոկոսով աճ ունենք։ Հայաստանը դեռևս գտնվում է կարմիր գոտում, հիվանդացության առումով Սյունիքում և Տավուշում կրկնակի աճ ենք ունեցել»,-տեղեկացրեց Գայանե Սահակյանը։

Նշենք, որ հիվանդանոցներում ունենք քովիդից հոսպիտալացվածներ, զբաղված մահճակալների թիվը ևս աճել է․

«Եթե 14 օր առաջ մենք ունեինք զբաղված 139 մահճակալ, ապա վերջին օրերին հասել է 183-ի։ Դեպքերը հատկապես աճել են մինչև երկու տարեկան երեխաների և 65-ից բարձր տարիքային խմբում։ Հատկապես 65-ից բարձր տարիքի շրջանում պատվաստումների տոկոսը ցածր է, այս տարիքային խմբերում ընդամենը 3․8 տոկոսն է խթանիչ դեղաչափը ստացել»,-նշել է Գայանե Սահակյանը։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ