Գլխավոր էջ Գլխավոր Պայթյունից տուժած քանի՞ քաղաքացի է դեռ գտնվում հիվանդանոցներում

Պայթյունից տուժած քանի՞ քաղաքացի է դեռ գտնվում հիվանդանոցներում

263
0

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 5 տուժած: Այս մասին Medmedia.am-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել:

Նշենք նաև, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս եղել է բուժկենտրոններում, տեսակցել պայթյունից տուժած պացիենտներին։

«Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները»,-նշել էր նա ու հավելել, որ բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Նշենք, որ այս պահին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։

Հայաստանում այսօր և վաղը սուգ է հայտարարված։

Այս պահին դեռևս որոնվում են երկու քաղաքացի։

Համացանցում անընդհատ քննարկվում է, թե ո՞րն էր պատահարի պատճառը կամ ո՞վ է մեղավոր։

«Կառավարման համակարգում բարձիթողի վիճակ է»․ նման կարծիք էր հայտնել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ գնահատելով «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքին նախորդող եւ հաջորդող պետական կառույցների աշխատանքը։

Բազմաթիվ հարցեր անպատասխան են մնացել, հատկապես, թե ո՞վ է մեղավոր մարդաշատ կենտրոնում պայթուցիկ նյութերի պահեստ շահագործելու թույլտվություն տալու համար և անվտանգային կանոնները չպահպանելու համար։ Անպատասխան մնացած հարցերին զուգահեռ, առաջանում են նաև քաղաքական ընդվզումներ։ Իր դժգոհությունն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ն։
ՌԴ ԱԳՆ-ն գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք է արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության համար ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, ներառյալ՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- ասված է գրության մեջ։

Ս․ Ա․

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ