Գլխավոր էջ Հարցազրույցներ Լեզվի կարճ սանձիկը ինչի՞ կարող է հանգեցնել. ներկայացնում է լոգոպեդ Անուշ Բաբայան

Լեզվի կարճ սանձիկը ինչի՞ կարող է հանգեցնել. ներկայացնում է լոգոպեդ Անուշ Բաբայան

4332
0

Երեխայի մայրիկը ինչպե՞ս կարող է իմանալ, որ երեխայի լեզվի սանձիկը կարճ է։

Լեզվի սանձիկը տեղակայված է լեզվի տակ։

Այն իրենից ներկայացնում է լորձաթաղանթի ծալք՝ էպիթելային հյուսվածք, որը բերանի խոռոչի ստորին հատվածը միացնում է  լեզվի ստորին մասին։ Այն կարծես օգնում է լեզուն պահել բերանում։

Լեզվի սանձիկի երկարությունը տարբեր կծվածքների ժամանակ 21 մմ է։ Սակայն հնարավոր է այն ի ծնե կարճ լինի։

Սովորաբար ուշադիր  և տեղեկացված մայրիկը լեզվի սանձիկի կարճ լինելը կարող է նկատել անգամ նորածնային  շրջանում, երբ երեխան լաց է լինում։ Կամ հաճախ այն կարող է խանգարել կուրծքը բռնելուն, կուլ տալուն, քանի որ կարճ սանձիկը կարող է սահմանափակել լեզվի շարժունակությունը։

Լեզվի կարճ սանձիկը  կարո՞ղ է փոխանցվել ժառանգաբար:

Այո´, կարող է ժառանգաբար փոխանցվել, սակայն  ժառանգականությունը միակ գործոնը չէ։

Ըստ էության այն համարվում է  բնածին խնդիր, և հանդիպում է 1/1000 հարաբերակցությամբ,  սակայն պատճառները կարող են լինել նաև էնդոգեն՝ մինչծննդյան շրջանում՝  հղիության 2-րդ ամսվա ընթացքում, երբ ձևավորվում են այսպես ասած «լեզվի կմախքն» ու բերանի խոռոչը, տարբեր  ոչ բարենպաստ գործոնների ազդեցությամբ սանձիկը կարող է կարճ մնալ, ամբողջապես չձևավորվել, ինչը կարող է խանգարել կլման ակտին, նաև խոսքին, քանի որ լեզուն խոսքային ապարատի կարևորագույն օրգաններից մեկն է, և կարճ սանձիկը սահմանափակում է նրա շարժունակությունը։

Իսկ ի՞նչ անել, երբ կարճ է լեզվի սանձիկը:

Լեզվի սանձիկի կարճ  լինելը, ինչպես վերը նշվեց, կարող է խոչնդոտել կլման ակտին, կամ դժվարություն ստեղծել արտասանության, խոսքի համար, սակայն ոչ միշտ է ցուցված հատել լեզվի սանձիկը, շատ հաճախ բավական է կատարել արտաբերական որոշակի վարժություններ, և այն հատելու կարիք էլ չի լինում, քանի որ, ինչպես նշեցինք,  սանձիկը էպիթելային հյուսվածք է և ունի որոշակի առանձգականություն։

Սակայն երբեմն լինում է նաև կյանքի ցուցում այն հատելու, քանի որ խանգարում է կլման ակտին, կամ այնքան կարճ է, որ դժվար է վերև բարձրանում, և այս դեպքում որոշ հնչյունների արտասանություն կարող է երեխայի մոտ չստացվել, օրինակ «Ռ» հնչյունը։

Գոյություն ունի՞ հստակ սահմանված տարիք լեզվի սանձիկը կտրելու համար։

Սովորաբար, եթե կա ցուցում, ապա այն հատում են նույնիսկ ծննդատանը, քանի որ  կարող է խանգարել սնվելուն՝ ավելորդ դժվարություններ ստեղծելով  մոր և մանկան համար։

Սակայն հաճախ պատահում է, որ երեխան այս կամ այն հնչյունը սխալ է արտասանում / հիմնականում ռ հնչյունը/ , այցելում է լոգոպեդի խորհրդատվության, և պարզվում է երեխան ունի կարճ լեզվի սանձիկ: Լոգոպեդը, որոշակի խաղ-վարժությունների միջոցով կարող է պարզել երեխայի լեզվի շարժունակությունը, որպեսզի հասկանա՝ սանձիկի կարճ լինելը որքանով կխանգարի արտասանությանը։

Վերը նշեցինք, որ այն էլաստիկ է և կարող է որոշ «մարզումներից» հետո ավելի շարժունակ դառնալ և հատման անհրաժեշտություն չլինի։ Ինչևէ,  հստակ տարիք սահմանված չէ հատման համար։

Ինչպե՞ս է իրականացվում սանձիկի հատումը:

Ցուցման առկայության դեպքում՝ ծննդատանը նեոտատոլոգի կամ մանկաբույժի, հետագայում լոգոպեդի կողմից  երեխան ուղղորդվում է մանկական վիրաբույժի մոտ, իսկ ավելի ցանկալի է դիմածնոտային վիրաբույժի, ով հատումն իրականացնում է տեղային անզգայացմամբ՝ վիրաբուժական միջամտություն կատարելով։

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ