Medmedia.am-ի զրուցակիցն է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Medmedia.am-Քովիդի ո՞ր փուլում ենք այժմ գտնվում:
Դավիթ Մելիք-Նուբարյան-ներկայում ինչպես աշխարհի տարբեր պետություններում, այնպես էլ Հայաստանում դիտվում է Քովիդ-19 հերթական ալիք, մեզ մոտ այն պայմանականորեն կարող ենք անվանել 6-րդը, որի հնարավորության մասին ԵՊԲՀ մասնագետները մշտապես նախազգուշացրել են հանրությանը։ Մի քանի շաբաթ շարունակ Հայաստանում գրանցվում է դեպքերի աճ, սակայն որքան երկար դա կտեվի,դժվար է կանխատեսել, մի քանի պատճառներով՝ արձակուրդային սեզոն և դրա հետեւանքով մարդկանց միջև շփումների նվազում, իմունիզացված բնակության տեսակարար կշիռ, ինչպես նաև վիրուսի տեսակի փոփոխություններով։ Ամեն դեպքում լավ նորություն է, որ նախորդ շաբաթ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, որտեղ է նաև Հայաստանը նվազել է 35%-ով, իսկ մահվան ելքերինը՝ 26%-ով։ Սա լավ ցուցանիշ է և որոշ վերապահումներով կարող են կանխատեսել, որ մոտ տեսանելի ապագայում մեզ մոտ էլ իրավիճակը կկայունանա։
Medmedia.am-ինչու՞ է ԱՀԿ-ն կանխատեսում Քովիդի վերադարձ:
Դավիթ Մելիք-Նուբարյան-անկեղծ ասած, դեռ առնվազն մեկ տարի առաջ հասկանալի էր, որ Քովիդ-19 չի անհայտանալու, առավել ևս ինքնուրույն, այլ մեծ հավանականությամբ կդառնա մարդկության մոտ շրջանառվում հերթական վարակներից մեկը, և ընթացող զարգացումները խոսում են դրա մասին։ Հետեւաբար,պարբերաբար դեպքերի աճ լինելու է և պետք է դրան պատրաստ լինել։
Medmedia.am-Մի՞թե այն ավելի վտանգավոր կլինի:
Դավիթ Մելիք-Նուբարյան-այս պահին նման պնդում անելու հիմքեր չկան։ Այն տեսակները,որոնք մեզ հայտնի են, հակառակը հիվանդության ծանրության տեսանկյունից ավելի քիչ վտանգավոր են, սակայն որեւէ երաշխիք չկա, որ օրինակ՝ հաջորդ մուտացիան ավելի վտանգավոր չի լինի։
Դրա համար, ընդհանուր հակահամաճարակային վարքագծի պահպանումը մնում է արդիական։
Medmedia.am-Ինչպե՞ս պատրաստվել և դիմակայել։
Դավիթ Մելիք-Նուբարյան-քանի որ խոսեցինք հակահամաճարակային վարքագծից հիշեցնենք, թե ինչ է դա ենթադրում։ Նախ և առաջ պատվաստվելը շարունակում է մնալ կարևոր գործիք, որը օգնում է խուսափել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից, հատկապես ռիսկի խմբում ընդգրկված անձանց (տարեցներ, քրոնիկական հիվանդություններ ունեցողներ և այլն), սուր շնչառական հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում խուսափել շփումներից և դիմել բժշկի, օրակարգում է նաև ձեռքերի և ռեսպիրատոր հիգիենայի պահպանումը։
Medmedia.am-Այս փուլում որքանո՞վ է կարևոր պատվաստվելը:
Դավիթ Մելիք-Նուբարյան-պատվաստվելը ցանկացած վարակիչ հիվանդության դեմ, որի համար առկա է պատվաստանյութ կարեւոր է և մնալու է կարևոր։ Այս համատեքստում, Քովիդը բացառություն չէ, ինչպես սեզոնային գրիպի դեպքում, այնպես էլ Կովիդի-19 առավել պաշտպանված լինելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել։ Օրինակ՝ գիտնականները աշխատում են սեզոնային գրիպի և Քովիդ-19 համակցված պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, ինչը առավել դյուրին կդարձնի այդ գործընթացը։
Medmedia.am-Հայաստանը ինչպե՞ս դիմակայի նոր մարտահրավերին։
Դավիթ Մելիք-Նուբարյան-մենք որպես քաղաքացիներ հետևենք հակահամաճարակային կանոններին, իսկ պետական մարմինները ուշադրությամբ մշտադիտարկեն իրավիճակը և ժամանակին ընդունեն անհրաժեշտ որոշումներ, օրինակ՝ լրացուցիչ մահճակալներ ծավալելու վերաբերյալ։
Ս․ Ասատրյան