Գլխավոր էջ Գլխավոր Առողջ սնունդ և ամառ․ ի՞նչ խորհուրդներ ունի մասնագետը

Առողջ սնունդ և ամառ․ ի՞նչ խորհուրդներ ունի մասնագետը

587
0

Հաճախ ենք լսում, որ ամռան ամիսներին առանձնակի ուշադիր պետք է լինել սննդակարգի հանդեպ։ Կան մթերքներ, որոնք նախընտրելի է օգտագործել ամռանը, ավելին՝ պետք է ավելացնել դրանց քանակը, սակայն կան մթերքներ, որոնց քանակը պետք է պակասեցնել և նույնիսկ բացառել։ Այսպիսով, ինչպե՞ս ճիշտ և առավելագույնս օգտակար սնվել ամռանը պարզել ենք գաստրոէնտերոլոգ Սոնա Երիցյանից։

«Նախ սկսենք նրանից, որ ճիշտ սնվելը՝ փոքր չափաբաժիններով և հաճախակի սնվելն է։ Սա ակտուալ է տարվա բոլոր եղանակներին։ Ամռանը խորհուրդ է տրվում օգտագործել ավելի թեթև սնունդ՝ նախապատվությունը տալով մրգերին և բանջարեղենին»,-ասաց բժշկուհին՝ հավելելով, որ միսը և սպիտակուցները համարվում են ավելի ծանր մարսվող սնունդ, հետևաբար ամռան ամիսներին ցանկալի չեն:

Նա նաև ասաց, որ շատ կարևոր է միրգն ու բանջարեղենը ճիշտ խնամել, ճիշտ լվանալ, ինչպես նաև ուշադիր լինել պահպանմանը։

«Ամռան շոգ եղանակին հաճախ են լինում սննդային թունավորումներ, որոնք կարող են կապված լինել վատ լվացած մրգից, բանջարեղենից առաջացած բակտերիալ ինֆեկցիաների հետ, ինչպես նաև կարող են պայմանավորված լինել մթերքների ոչ ճիշտ մշակմամբ, պահպանմամբ»,-նշեց բժշկուհին։

Ըստ Երիցյանի՝ ամռան ամիսներին հատկապես խորհուրդ չի տրվում օգտագործել կաթնամթերք, պահածոյացված ուտելիքներ, ապխտած մսեղեն, առհասարակ միսը պետք է սահմանափակել։

Անդրադառնալով ջրի օգտագործման կաևորությանը նա ասաց․«Ամռան ամիսներին կարևոր է մեծ քանակով ջրի օգտագործումը։ Ջրի օրական ծավալը պետք է կազմի 2-3 լիտր ու շատ կարևոր է օգտագործել մաքուր ջուր։ Գազավորված, տարբեր քաղցր ըմպելիքները, սուրճն ու նրա տարբեր տեսակները, թեյերը, ինչպես նաև ալկոհոլը թույլ չեն տալիս, որպեսզի օրգանիզմը պահի իրեն անհրաժեշտ հեղուկը։ Այդ պատճառով կարևոր է մաքուր ջրի օգտագործումը»։

Բժշկուհին նշեց, որ ուշադրությունն անհրաժեշտ է սևեռել ոչ թե տարբեր սննդային համադրումներից խուսափելու, այլ ցանկացած համադրության մեջ սննդամթերքի փոքր չափաբաժնի վրա: «Ամռան ամիսներին բժիշկներին դիմելիության մեծ տոկոս են կազմում սննդային թունավորումները, աղիքային ինֆեկցիաները, որոնք արտահայտվում են նման կլինիկական դրսևորումներով։

Վերջիններս ուղեկցվում են ջերմության բարձրացումով, սրտխառնոցով, փսխումներով, լուծով, թուլությամբ։ Սրանք հիմնականում տևում են միջինում մի քանի օր և ինքնուրույն անցնելու միտում ունեն, բայց եթե գանգատները շարունակվում են, ավելին՝ դիտվում է վիճակի սրացում, նոր գանգատներ են ի հայտ գալիս, որոնք գնալով դառնում են էլ ավելի ինտենսիվ, ապա անհապաղ պետք է դիմել բժշկի: Երեխաների, հղիների պարագայում բժշկին անհրաժեշտ է դիմել գանգատների առաջին օրերից»,-նշեց մեր զրուցակիցը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ