Գլխավոր էջ Գլխավոր Դռնեդուռ ընկած աշխատավարձի հույսով․ ինչո՞ւ աշխատավարձ չի ստանում բուժաշխատողը

Դռնեդուռ ընկած աշխատավարձի հույսով․ ինչո՞ւ աշխատավարձ չի ստանում բուժաշխատողը

1076
0

Նախորդ ամսվա սկզբին մենք անդրադարձել էինք Ապարանի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ բժիշկ Տաթևիկ Ադիլյանի ահազանգին, վերջինս նշում էր, որ կատարած աշխատանքի դիմաց ամբողջական աշխատավարձ չի ստանում։ Բժշկուհուց այսօր ևս ահազանգ ստացանք, ինչպես պարզվեց՝ նրա խնդիրը չի լուծվել։

«Երկու անգամ մարզպետարան գնացի, խոստացան, որ ընթացք կտան ու խնդիրը կկարգավորվի, սակայն ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Արդյունքում հունիս ամսվա աշխատավարձը մոտ քսան հազար էր։ Նորից գնացի մարզպետարան ու այնտեղ հայտնվեց Ապարանի բկ տնօրեն՝ Հայկ Շմավոնյանը։ Թեթև խոսակցությունը վերածվեց վիճաբանության, տնօրենն էլ ինձ անվանեց ստախոս, խաբեբա։ Վախեցրեց, որ աշխատանքից կազատի»,-ասաց մեր զրուցակիցը։

Ավելի ուշ նրան խորհուրդ են տվել դիմել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին։

«Նշանակեցին նիստ, և առաջին նիստին բժշկական կենտրոնի տնօրենը չներկայացավ, թեպետ ուղարկել էր իմ աշխատանքային պայմանագիրը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Ու ներկայացրել էր, որ ես կանչերը չեմ մուտքագրել Արմեդ համակարգ, ինչի պատճառով աշխատավարձ չեմ ստանում։ Բնականաբար ես ապացուցեցի հակառակը, քանի որ կանչերը համակարգում միշտ մուտքագրել եմ»,-ասաց բժշկուհին։

Նա նաև նշեց, որ մինչև հունիսի 15-ը պետք է ստանար 325 հազար դրամ, որը կազմում է փետրվարից-հունիս ամիսների կատարած կանչեր այն վարձատրության մասը, որը չէր ստացել։

«Արմեդ համակարգը հաստատել էր, որ այդքան աշխատավարձ պետք է ստանամ և գործը փակված էր։ Սակայն այնպես ստացվեց, որ աշխատավարձ ստանալու օրը ես այդ 325 հազար դրամը չստացա, այլ ստացա 51 հազար դրամ։ Զանգեցի հաշվապահություն և հաշվապահն ասաց, որ ես ստացել եմ 325 հազարի 20 տոկոսի 20 տոկոսը, քանի որ նախարարությունը գումարը չի փոխանցել, ավելին՝ պահում արել է նաև հիվանդանոցը»,-ասաց նա։

Մեր զրուցակիցը պատմեց, որ հաջորդ նիստը տեղի է ունեցել հուլիսի 22-ին։

«Այս անգամ նիստին ներկա էին Ապարանի բկ փոխտնօրենը և գլխավոր հաշվապահը։ Գլխավոր հաշվապահը նորից ասաց, որ նախարարությունը չի ֆինանսավորել, այդ իսկ պատճառով իրենք չեն կարողանում մեր աշխատավարձերը փոխանցել։ Ու մեզ նաև ասացին, որ եթե մինչև տարեվերջ այդ գումարը չստանանք, ապա այդ գումարը այլևս չենք ստանա, քանի որ մեր աշխատավարձն այդպիսով կկորի։ Տեսչականի պետը որոշեց նախարարություն և բաժին հարցում ուղարկել, որպեսզի հասկանան, թե խնդիրը որտեղից է։ Չնայած մինչև այսօր ոչ մի ստուգում բժշկական կենտրոնում չի իրականացվել»,-հայտնեց բժշկուհին։

Այսպիսով, ստացվում է այնպես, որ բժշկուհին, ով անձնվեր աշխատում է՝ փրկելով բազմաթիվ կյանքեր՝ իր աշխատավարձը ստանալու համար ամիսներ շարունակ դռնեդուռ է ընկած։ Ու դեռ հայտնի չէ, թե այս պատմությունն ինչով կավարտվի, և արդյոք բժիշկը կստանա իր աշխատավարձը։

Լ․ Հակոբյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ