Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Ջերմային բարձր ֆոն․ ինչպե՞ս դիմակայել շոգին

Ջերմային բարձր ֆոն․ ինչպե՞ս դիմակայել շոգին

530
0

Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի թիրախային խմբերը հանդիսանում են մեծահասակները, հղիները, երեխաները և քրոնիկ հիվանդություն ունեցողները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը։

«Ուլտրամանուշակագույն ինդեքսի բարձր աստիճանի դեպքում մարդու օրգանիզմն իր սովորական կենսագործունեությունն ապահովելու համար ստիպված է կատարել կրկնակի աշխատանք, և արհեստական ծանրաբեռնվածություն է առաջանում մեր օրգանիզմի սիրտ-անոթային և շնչառական համակարգերի վրա։ Հետևաբար, օրգանիզմի գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օրվա շոգ ժամերին չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո, հնարավորության դեպքում գտնվել ստվերում։ Իսկ մեծահասակներին, հղիներին և երեխաներին խորհուրդ է տրվում օրվա որոշ մասը հորիզոնական պառկած անցկացնել»,-նշեց նա։

Գրիգորյանը նաև ասաց, որ խորհուրդ է տրվում օրական 2-3 լիտր ջուր օգտագործել։ Տանից դուրս գալուց առաջ կրել արևային ակնոց և գլխարկ, ընտրել բաց գույնի հագուստ՝ հնարավորինս ազատ և բամբակյա։ Անդրադարձ եղավ նաև սննդին։ Ըստ այդմ, խորհուրդ է տրվում օգտագործել բուսական սնունդ, զերծ մնալ յուղոտ, դժվարամարս մթերքներից, սահմանափակել շաքարավազի օգտագործումը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ