Գլխավոր էջ Գլխավոր Վարիկոզ․ինչո՞ւ է առաջանում հիվանդությունը և ինչպե՞ս է բուժվում

Վարիկոզ․ինչո՞ւ է առաջանում հիվանդությունը և ինչպե՞ս է բուժվում

857
0

Վարիկոզ հիվանդությունն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի։ Հիվանդության մասին զրուցել ենք Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Անոթային վիրաբուժության կլինիկայի բաժնի վարիչ, վիրաբույժ-անոթաբան Տիգրան Քամալյանի հետ։ Նա պատմում է հիվանդության առաջացման պատճառների, ախտանշանների, ինչպես նաև հիվանդության բուժման տարբերակների մասին։

Կանայք ավելի հաճախ են հիվանդանում վարիկոզով

Վարիկոզ հիվանդությամբ առավել հաճախ հիվանդանում են կանայք, բայց, եթե, հիվանդությունը դիտարկենք գենետիկական մակարդակում, քանի որ այն գենետիկ հիվանդություն է, ապա հիվանդանալու հավանականությունը կանանց և տղամարդկանց մոտ գրեթե նույնն է։ Բայց կա նրբություն՝ կյանքի ընթացքում պետք է ի հայտ գան անհրաժեշտ ռիսկի գործոններ, որպեսզի հիվանդությունը որպես այդպիսին ի հայտ գա։ Քանի որ կանանց մոտ այդ ռիսկի գործոններն ավելի շատ են, ապա դա է պատճառը, որ հիվանդությունն ավելի շատ հանդիպում է կանանց շրջանում։

Վարիկոզ հիվանդության ախտանշանները

Վարիկոզ հիվանդությունն ունի բավականին տիպիկ ախտանշաններ։ Դա հիմնականում արտահայտվում է հոգնածության, ծանրության զգացումով, այտուցների, ինչպես նաև այտուցվածության զգացողությամբ։ Ի հայտ են գալիս բավականին տեսանելի փոփոխություններ՝ վարիկոզ լայնացած երակներ, պարկանման կախված ենթամաշկային երակներ, մազանոթային ցանցեր, աստղիկներ, ավելի ուշ փուլերում այտուց, առաջանում են նաև մաշկի փոփոխություններ՝ մաշկի շերտը բարակում է, ի հայտ են գալիս տարբեր պիգմենտացիաներ և այլն։

Վարիկոզ հիվանդության բուժումը

Վարիկոզ հիվանդության բուժումն իրենից ենթադրում է կոմպլեքս մոտեցում, այսինքն՝ բուժումը ներառում է մի քանի բաղադրիչ։ Սկզբնական փուլերում առավելապես կիրառվում է դեղորայքային բուժում և էլաստիկ տրիկոտաժ։ Ավելի ուշ փուլերում, երբ ի հայտ են գալիս տեսանելի փոփոխություններ՝ մազանոթային ցանցեր, աստղիկներ՝ այս կոմպլեքսին ավելանում է սկլերոթերապիան կամ վերմաշկային լազերային կոագուլյացիան, որը մեծ մասամբ ենթադրում է կոսմետիկ արդյունք ստանալը։ Վարիկոզ հիվանդության ավելի ուշ փուլերում կարիք է լինում դիմել վիրահատական եղանակների, որոնք մի քանի տեսակ են։ Նախկինում կիրառվում էր դասական վենեկտոմիայի եղանակը։ Ներկայումս գոյություն ունեն ավելի ժամանկակից եղանակներ, որոնք կարելի է բաժանել երկու հիմնական մեծ խմբերի։ Դրանք թերմալ և ոչ թերմալ եղանակներն են։ Ամենը միտված է նրան, որ պացիենտները ստացիոնարում գտնվեն ավելի քիչ, արագ վերականգնվեն։ Պացիենտը վիրահատությունից հետո կլինիկայում գտնվում է մի քանի ժամ կամ ամենաշատը մեկ օր, նրանք  արագ վերականգնվում են և վերադառնում սոցիալական ակտիվ կյանք։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ